Կարծիք

22.08.2016 12:05


Ձեր հոր տնի՞ց եք բերել Գառնու տաճարը

Ձեր հոր տնի՞ց եք բերել Գառնու տաճարը

Հայաստանն այնպիսի ծանր վիճակի են հասցրել, որ ամեն օր ամենուրեք հանդիպում ես այնպիսի տհաճ և ամոթալի երևույթների, որոնք ստիպում են ամեն ինչից հիասթափվել: Ուրեմն, երկու օր առաջ երեկոյան ընկերներով որոշեցինք գնանք Գառնի. ինչի՞ չէ, որ: Հենց այնպես՝ կտրվել քաղաքի աղմուկից, անցուդարձից, մանավանդ որ լսել էինք Գառնիի տաճարի գիշերային լուսավորության մասին: Լսել էինք, բայց ոչ ամեն ինչ: Պարզվում է՝ տաճարի այցելուներից մուտքի մոտ փող են վերցնում հենց այդ լուսավորության համար: Ցերեկը տաճարի տարածք մուտք գործելը մի գին է, երեկոյան՝ այլ գին, ավելի թանկ:

Հարցը փողը չի, բայց նման խայտառակություն պատկերացնել դժվար է: Հերիք չէ՝ պատմական հուշարձանի տարածքում սրճարան էին հիմնել, հիմա էլ սա: Ձեր հոր տնի՞ց եք բերել էդ Գառնու տաճարը, թե՞ ինչ եք արել, որ մի բան էլ փող եք վերցնում մարդկանցից: Մի երկու լուսարձակ են դրել գունավոր ու քնած տեղը սաղիս վրա փող են աշխատում, էլի: Ընդ որում՝ տաճարի շուրջը եղած դրսի լուսավորության լամպերն անջատված էին, և տաճարից մի փոքր հեռու գնալը խիստ վտանգավոր էր: Էլ չեմ ասում, որ մինչև տաճար արահետն այնպիսի անմխիթար վիճակում է, որ դրանով քայլելն էլ ապահով չէ, իսկ, օրինակ, մանկական սայլակը մինչև տաճար հասցնելը՝ փորձություն: Բա էլ ինչի՞ համար եք էդ փողը վերցնում:

Զայրանում եմ, բայց այլևս չեմ զարմանում: Մի քանի մարդ մտածում է՝ էս երկիրն իր հոր դուքյանն ա, ոնց կարում՝ փող են աշխատում սեփական ժողովրդի վրա: Ու քանի որ մտավոր ունակություններն էլ խիստ սահմանափակ են, և փող աշխատելու ձևեր չգիտեն, դիմում են ամենապրիմիտիվ տարբերակին. Երևանում կարմիր գծեր են քաշել ու որոշել, որ մենք էդ գծերի համար փող պետք է տանք, Գառնիում էլ չորս հատ լուսարձակ են դրել ու որոշել, որ մեր ազգային հարստությունը տեսնելու համար էլ վճարենք:

Երևանի քաղաքապետարանին էլ մի հրաշք բիզնես միտք տամ. կարող եք, օրինակ ,մեզանից փող վերցնել հեռուստաաշտարակի լուսավորության համար, մանավանդ որ քաղաքի բոլոր ծայրերից երևում է: Թուրքերից էլ կարաք փորձեք փող վերցնել. լավ եղանակին իրենց մոտից էլ կերևա:

Իսկ հիմա մի փոքր լուրջ: Լավ, էդ անտեր տուրիզմ զարգացնելը հո մենակ վերամբարձ հայտարարություններո՞վ չի: Լուրջ, էդքան տկար եք ու ապաշնո՞րհ: Գնում ես Վրաստան ու հիանում ես... Հիանում ես և ամաչում, որ երկրիդ իշխանությունները միայն իրենց դղյակներն են բարեկարգում ու իրենց համար հանգստյան տներ կառուցում մեր փողերով, մեզ էլ էշի տեղ դնում: Վրացիներն իրենց մշակույթը բրենդ դարձրեցին և վաճառում են, իսկ մե՞նք: Իսկ մենք գիշերային լուսավորության փող ենք մուծում: Գառնիի ճանապարհը տեսե՞լ եք, անցե՞լ եք դրանով: Լավ, սաղ հեչ, թասիբ չունե՞ք: Չգիտեմ՝ ինչ ասեմ...անձնագրիցս ամաչում եմ՝ այն իմաստով, որ մեղավոր եմ ինձ զգում, որ թույլ ենք տվել, որ սրանք մեր երկիրն էս օրը գցեն: Սա ազգային արժանապատվության հարց է. պետք է տեր կանգնենք մեր երկրին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը