Քաղաքական

26.10.2010 12:48


Քաղաքագետ. «Եթե նոր ուժը չի գալիս, հինը միշտ հաղթանակ է տանում»

Քաղաքագետ. «Եթե նոր ուժը չի գալիս, հինը միշտ հաղթանակ է տանում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը խոսելով ներքաղաքական իրավիճակից՝ նշել է, որ հասարակությունը նոր ուժի կարիք է զգում։

-Մեր հասարակության մեջ, ճիշտ է,  խավեր կան, որ պաշտպանում են  ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին,  ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» և այլն, և այլն։ Բայց մի խավ կա, և այն մեծամասնություն է կազմում, որն ուղղակիորեն հիասթափված է բոլորից՝ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, թե՛ այն տարբեր խմբավորումներից, որոնք ինչ-որ խնդիրներից են խոսում, բարձրաձայնում են, բայց մեծ հաշվով հասարակությունը տեսնում է, որ սայլը տեղից չի շարժվում։ Նրա սոցիալական, տնտեսական խնդիրները չեն լավանում, այլ ավելի են վատթարանում, և այն ուժերը, որոնք եթե բարձրաձայնում էլ են իրենց խնդիրները, մե՛կ է, լծականեր չունեն, որպեսզի դրանց լուծում տան։ Եվ մարդկանց շրջանում այս իմաստով հիասթափություն կա։ Հասարակությունը, իմ կարծիքով, նոր դեմքերի,  նոր գաղափարի, նոր տեսլականի, նոր քաղաքական ուժի կարիք ունի, որն ավելի համարժեք կլինի այսօրվա ժամանակին,-նշել է նա։

Այն հարցին, թե որքանո՞վ է հավանական այդ ուժի ի հայտ գալը, եթե 2003թ. և 2007թ. նույնպես նոր ուժի պահանջ էր նկատվում, բայց ի հայտ եկան հին ուժերը և բավական շատ ձայներ հավաքեցին, Երվանդ Բոզոյանը պատասխանել է.

-Քաղաքականության մեջ ընդհանրապես ոչ մի անգամ վակուում չի լինում։ Եթե նոր ուժը չի գալիս, հինը միշտ հաղթանակ է տանում։ Եթե այդ նոր ուժը չգա, հին ուժը դատապարտված է հաղթանակի։

Քաղաքագետի խոսքերով՝ մենք սովորում ենք, ոչինչ միանգամից չի լինում, և որոշակի գործընթացների շնորհիվ նոր ուժեր ի հայտ կգան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը