Կարծիք

26.10.2010 12:19


Ելքը' սատարում

Ելքը' սատարում

ՀՀԿ-ն, հավանաբար, որոշել է մինչև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները մեզ մի լավ զվարճացնել: Սակայն, ի արդարացումն ՀՀԿ-ի ասենք, որ այս կուսակցության գործիչները չեն էլ նկատում, թե ինչպես են անցնում զավեշտի սահմանագիծը: Քաղաքական կանխատեսումներ անելիս անգամ' նրանց թվում է, թե մտքի թռիչք են ապրում, թե հիմնարար խոսք են ասում մյուս քաղաքական ուժերին եւ հասարակությանը:

Հասկացանք, եղբայր, որ դուք շատ եք եւ աշխարհում ձեր թվաքանակով զիջում եք միայն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, հասկացանք, որ Հայաստանում համարյա ամեն ինչ ու ամենքին (նույնիսկ ՕԵԿ-ին) ձեզանով եք արել, Հասկացանք, որ ում ուզենաք կթուլացնեք ու կուժեղացնեք, մաս-մաս կանեք ու կտիրեք, ում բիզնեսն ուզենաք' կծաղկեցնեք, իսկ ումը ոչ' կսնանկացնեք, ում համար ուզենաք' Երևանի կենտրոնում հողատարածք կճարեք, իսկ ում չսիրեցիք' անգամ Ամասիայի տարածքում մի գոմի տեղ չեք տա: Հասկացանք, հզոր եք: Բայց չէ՞ որ առջևում ոչ թե ծանրամարտի մրցումներ են, այլ ընտրություններ: Չէ՞ որ այդ ընտրությանը պետք է ներկայանա նաև այն խեղճը, ում տունը խլել եք, ում ապրուստը խլել եք, ում բիզնեսը ցամաքեցրել եք, ում այգին կտրել եք, ում երեխայի սնունդն ու միրգը, խաղալիքն ու հագուստը ոսկու գնի եք հասցրել, ում ծերության օրերը դարձրել եք մղձավանջ: Այդ ընտրությանը գալու են բժշկական օգնությունից զրկվածները, դպրոցում մարդավարի կրթություն չստացող երեխաների ծնողները: Ընտրության են գալու մարդիկ, ովքեր իրենց հարազատի հուղարկավորության ժամանակ վերջին դրամն են ծախսել ձեզնից մի մետր հող գնելու համար: Վերջապես ընտրության են գալու մարդիկ, ովքեր անցած 4 տարիներին խորհրդարանական այս ծաղրուծանակի ականատեսն են եղել: Նրանք գիտեն, չէ՞, որ ինչ տվել են կառավարությունից' հաստատել եք, ինչ ծռտի-մռտի բողոք առաերես ներկայացրել եք կառավարությանը, ջրվել է, ոչ մի օրենք չեք ընդունել, որ քվե տվող մարդու շահերից բխի: Ու դեռ ասում եք, որ դուք ուժեղ ե՞ք: Ամերիկայում մի խուլիգան են բռնում' ձեր ուժեղ իշխանությունը ոտքից գլուխ թափահարվում է: Սա՞ է ձեր ուժը: Թոշակ ու աշխատավարձ այնպես եք բարձրացնում, որ դրանք ստացողը հանկարծ չնկատի: Ոժի՞ արդյունք է:

Արդ, ուրեմն, առավել քան զավեշտալի է, որ ՀՀԿ-ական պատգամավորը, ազդեցիկ կամ ոչ այնքան, հայտնվելով մամուլի ակումբում, հայտարարում է' կհաղթի այն քաղաքական ուժը, որ մեզ հետ կլինի, որ կսատարի ՀՀ նախագահին ու նրա թիմին: Ի՞նչ է սա' պայմա՞ն ԱԺ-ում հայտնվելու, թե՞ համագործակցության առաջարկ, նախընտրական խոստում մյուս քաղաքական ուժերի՞ն: Իսկ գուցե հին հիվանդության դրսևորո՞ւմ է' «ով մեզ հետ չէ' պետական կառավարման գործերում բանի պետք չէ» նշանաբանով: Ընդ որում' առվել քան տարօրինակ է, որ ՀՀԿ-ն իր այս մտայնությամբ հանդերձ, ապագա խորհրդարանում տեսնում է ՀԱԿ-ին, որը, եթե հավատալու լինենք ՀԱԿ խոսնակներին, բնավ էլ չի պատրաստվում հայտարարել, որ ինքը հաջորդ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Հետևաբար ո՞ւր մնաց, օրինակ, Գագիկ Մելիքյանի այն հայտարարությունը, թե ով մեզ հետ լինի, նա էլ կհաղթի, բա ո՞ւր մնաց ՀՀԿ-ի անպարտելի ուժը, որով նա անընդհատ սպառնում է մյուսներին, այդ թվում նույնիսկ' այսօրվա կոալիցիոն միակ գործընկերոջը' ԲՀԿ-ին:

Նոր ԱԺ-ում ՀԱԿ-ի ներկայության անվերապահ ընդունումը, ըստ մեզ, խոսում է մի շատ պարզ բանի մասին: Դրանով ՀՀԿ-ն, փաստորեն, ընդունում է իր բոլոր այն սխալները, որոնք մատնանշվել են ՀԱԿ հանրահավաքներում' սկսած ավազակապետությունից' վերջացրած քաղբանտարկյալների թեմայով, սկսած տնտեսությունից գլուխ չհանելուց' վերջացրած արտաքին քաղաքականության ասպարեզում գրանցած խայտառակ ֆիասկոյով:

Նորից հարց ենք ուղղում հարգարժան պարոն Մելիքյանին եւ նրան մամուլի ակումբ գործուղած բարձրաստիճան ՀՀԿ-ականներին' նախ' որտեղի՞ց այն համոզումը, որ ՀՀԿ-ն, ցանկության դեպքում, խորհրդարան կթողնի միայն իրեն սատարողներին եւ մեկ էլ' ՀԱԿ-ին, ապա' մի՞թե քաղաքական ուժերն այս լուսավոր ժամանակներում խորհրդարանում են հայտնվում ինչ-որ մեկի ցանկությամբ ու հովանավորչությամբ: Մեկ անգամ եւս խնդրում ենք, արված աշխատանքով չբացատրել ՀՀԿ-ի «հաջողությունները», քանզի դրանից նոր ու ավելի տհաճ հարցեր են ծնվելու, որոնց պատասխանն ակնկալում են ոչ թե ասպարեզի մյուս քաղաքական ուժերը, այլ ժողովուրդը, ով անկախության վերանվաճման առաջին օրերից մինչ օրս, այդպես էլ չտեսավ այն իշխանությանը, որ ոչ միայն տարբերվելու էր ԽՍՀՄ ամեն ինչ համահարթեցնող իշխանություններից, այլև ամեն ինչ անելու էր բացառապես իր բարօրության համար:

Եթե մեր հարցադրումն, այնուամենայնիվ, որոշակի բարդություններ է առաջացնում ՀՀԿ առանձին շրջանակներում, ապա կարող ենք շատ ավելի պարզ մի հարց առաջադրել այդ գերկուսակցությանը: Դա կանենք' սկսելով շատ բարձր նոտայից, որպեսզի տպավորությունը կատարյալ լինի, իսկ հարցի պատասխանը' ժողովրդի համար հասկանալի: Եվ այսպես, հարգելի հանրապետականներ, բոլորս տեսանք, թե ինչպիսի համաժողովրդական տոնախմբություն առաջացրեց ձեր խրոխտ կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների եւ նպաստների հազարից երկու հազար հինգ հարյուր դրամով բարձրացումը: Տեսանք, թե իրենց ապագա աշխատավարձերի եւ կենսաթոշակների հետ կապված' ինչպիսի ծրագրեր սկսեցին հղանալ հիացմունքից շփոթված մեր քաղաքացիները: Եվ մի՞թե ճիշտ էր, որ մարդիկ, նոր աշխատավաձն ու թոշակը չստացած, տեսան, որ առաջին անհրաժեշտության ապրանքները մի գիշերվա մեջ այնպիսի գնաճ են արձանագրել, որից նույնիսկ նախարարական ու պատգամավորական աշխատավարձերը կտուժեն:

Տնտեսական այսպիսի քաղաքականությա՞մբ եք ցանկանում հաղթել բոլորին: Կարո՞ղ է, արդյոք, ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ի գրկում հայտնված ՕԵԿ-ցի ժրաջան գյուղնախարարը հայտնվել էկրանին ու մեզ բացատրել, թե ինչո՞ւ օրինակ, պանիրը մեկ գիշերվա մեջ Երևանում մեկուկես գին դարձավ: Պատահաբար մեր կովերին էլ ոչխարների հետ խառը չե՞ն արտահանել:

Սիրելի ՀՀԿ-ականներ, հավատացեք, ձեր ուժը ոչ թե խելքի, այլ քանակի մեջ է: Մենք բոլորավին էլ պատահաբար չնշեցինք, որ դուք քանակով զիջում եք միայն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը: Բայց նույնիսկ չինական Կոմկուսն այդ երկր բնակչության համեմատությամբ այնպիսի տոկոսային ներկայացվածություն չունի, ինչպիսին ունի ՀՀԿ-ն Հայաստանում: Գուցե սա արդեն հասարակ ժողովրդի խելքի բանը չէ, գուցե այդ ժողովրդի վրա իրոք տպավորություն են թողնում ստադիոններում համագումար անելու ՀՀԿ-ՕԵԿ-ական նախաձեռնությունները, բայց քաղաքական ուժերին էլ հո չե՞ք կարող համոզել, որ քանակը որակի գրավական է: Այսինքն, ո՞վ գիտե, քաղաքական ուժերից գուցե համոզվողներ լինեն ու սկսեն սատարել ձեզ' խորհրդարանում տեղ ունենալու մտահոգությամբ, ինչպես դա արեց մեր բոլորի կողմից շատ սիրված Արտաշես Գեղամյանը, որ բավարարվեց մեկ հատիկ աթոռով անգամ: Եվ ինչո՞ւ միայն պարոն Գեղամյանը: Իսկ ՕԵԿ-ը պակաս սատարո՞ղ է: Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի հետ թև-թևի տված մանր ու միջին բիզնեսի հերն անիծելուց հետո, այսօր մարզերն ընկած, մանր ու միջին բիզնեսի շահերից է խոսում: ՕԵԿ-ն, ասում է, օլիգարխների կուսակցություն չէ, հասարակ ու խեղճ ժողովրդի կուսակցություն է: Եվ պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդը «հավատում» ու իր կողմից «վստահեցնում է», թե «կսատարի» այսպիսի «սատարողներին»:

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես չասացին «թրի տակով» անցնելու հետ կապված: Հասկացանք' Լևոնն էր, ասում էին: Բա հիմա՞ ով է նույն բանն ասելու իշխող ՀՀԿ-ին: Վերջապես ո՞ւր է ժողովրդավարությունը, որի գծով, իբր, Անդրկովկասում առաջատար դիրքեր ունենք:

Ամփոփենք: Եթե պարոնայք ՀՀԿ-ականները Հայաստանում տեսնում են ճիշտ այնքան ընտրող, որքան այդ կուսակցության անդամակազմն է ու մեկ էլ իրենց սատարողները, մենք սիրով կհանենք մեր բոլոր հարցերը եւ դրանք, ինչպես ՀՀԿ-ական բոլոր լավ նախաձեռնությունները, «կգրենք սառույցին»: Այս պարագայում, հավատացեք, ընտրությունները միանգամայն ավելորդ կլինեն, ինչպես դրանք ավելորդ էին կոմունիստների Հայաստանում: Եվ, քանի որ ՀՀԿ-ն մեր հարցերին պատասխանելու որևէ լուրջ պատճառ չի ունենա, նրա համար առաջնայինը կլինի սատարողների անկեղծության մեջ համոզվելը: Վստահ ենք' դրա օրինակն էլ շուտով կունենանք: Եթե ՕԵԿ-ն իր առաջաիկա ստադիոնային համագումարում հոտնկայս ծափահարություններով համագումարի պատվավոր նախագահություն ընտրի ընկեր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուրեմն, սիրելի հայրենակիցներ, տեղ ենք հասել վերջնականապես:

 Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը