Մեկնաբանություն

21.08.2016 00:05


Կհանե՞ն Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը

Կհանե՞ն Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը

Բանից պարզվում է՝ ԼՂՀ իշխանությունները շշկռվել են ու սեպտեմբերի 2-ին՝ Անկախության օրվա առիթով նախատեսված տոնական միջոցառման համար ծրագրել են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի ներկայացումը:

Ասում եմ՝ շշկռվել են, քանի որ հիմա արդեն պատրաստի բեմադրությունը գցել են մի կողմ՝ հավանաբար, համարելով, որ դա կարող էր ասոցացվել «Սասնա ծռերի» հուլիսյան գործողության հետ:

Ուրեմն, խոր սովետի շրջանում կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանը չի վախեցել, նստել նման օպերա-բալետ է գրել, նրանից շա՜տ ավելի վաղ՝ 1936-ին, արցախցի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը չի վախեցել եւ «Սասունցի Դավիթ» օպերա է գրել, իսկ այս՝ գերժողովրդավարական, լուսավոր 21-րդ դարում «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (ինչի վրա ԼՂՀ կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել) հիմա վռազ խոտանել, գցել են դուրս...Վա՜յ, հանկարծ զուգահեռներ չարվե՞ն մերօրյա «Սասնա ծռերի» հետ...

Պարզ է, որ Բաղրամյան 26-ում նստած գլխավոր գրաքննիչի հրահանգով են Ստեփանակերտում տոնական միջոցառման մեխը հանդիսացող բեմադրությունն ուղարկել գրողի ծոցը...

Շուտով, երեւի, Կայարանի հրապարակից էլ կհանեն Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը: Հետո էլ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործությունը կջնջեն դասագրքերից, հնարավոր է՝ նաեւ վերացնեն Ներքին ու Վերին Սասնաշեն գյուղերը...Եվ այսպես շարունակ...

Եվ որպես «մշակութային արժեքներ» կհամարեն միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործի բազմահատորյակները...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը