Կարծիք

16.12.2009 10:53


Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը Սպիտակ տանը անարժան հյուր

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը Սպիտակ տանը  անարժան հյուր

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 6-8 Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում վիրավորական հայտարարություններ է արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տանը  Էրդողանին հյուրընկալելու փոխարեն պետք է նրան «persona non grata»՝ անցանկալի անձ հայտարարեր:

Արդյո՞ք Սպիտակ տանը Օբաման կողջուներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և գովեստներ կշռայլեր նրա հասցեին՝ նկատի ունենալով Հոլոքոստի վերաբերյալ նրա ժխտողական հայացքները: Էրդողանին ԱՄՆ հրավիրելն էլ ավելի վիրավորական է և նման է Հոլոքոստը ժխտող գերմանացի ղեկավար ընդունելուն:

 Էրդողանը մի շարք անարգալից դիտողություններ և ժխտողական հայտարարություններ է արել Վաշինգտոնում իր հինգ հրապարակային ելույթների ընթացքում՝ PBS հեռուստատեսությունում, Ուիլարդ հյուրանոցում, Ջոնս Հոպկինսի համալսարանում, SETA-DC թուրքական վերլուծական կենտրոնում և գերմանական «Մարշալ» հիմնադրամում:

Դեկտեմբերի 8-ին PBS հեռուստատեսությունում Չառլի Ռոզի հետ ունեցած իր մեկժամյա հարցազույցի ժամանակ Էրդողանը բարձրացրեց Հայկական հարցը՝ հաստատելով, որ վերջերս իր կառավարությունը «Հայկական եկեղեցի» է վերանորոգել Վան քաղաքում, առանց բացահայտելու, որ Վանա լճի Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվել է ոչ թե որպես աղոթատուն, այլ որպես մշակութային տեսարժան վայր զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: Իրոք, թուրքական իշխանությունները թույլ չտվեցին խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:

Էրդողանի հոխորտացող հայտարարությունները դրդեցին Չառլի Ռոզին Հայոց Ցեղասպանության հարցը մեղմորեն բարձրացնել. «Ի՞նչ է անհրաժեշտ որպեսզի ... որքա՞ն պատմական ապացույցներ են դեռ հարկավոր ցեղասպանության վերաբերյալ»:

Հարցն Էրդողանին հունից հանեց, և նա ատելությամբ լի հայտարարություններ ժայթքեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ. «Ես շատ հստակ կարող եմ ասել, որ մենք ցեղասպանությունը չենք ընդունում: Դա բացահայտ սուտ է: Ես մարդկանց հրավիրում եմ ապացուցելու դա ... Իրականում այդպիսի բան հնարավոր չէ, դա կեղծիք է»: Սրանք նույն մարդու ամոթալի խոսքերն են, ով պնդում էր, թե Դարֆուրում ցեղասպանություն չի եղել, քանի որ Սուդան կատարած իր այցի ընթացքում նման ոճրագործության ոչ մի հետք նա չի տեսել:

Ի պատասխան Չառլի Ռոզի այն հարցին, թե Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Օբաման արծարծել է Հայոց Ցեղասպանության հարցը, Էրդողանը դրական պատասխան է տվել, ավելացնելով, որ այդ հարցը բարձրացվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում. «Թուրքիան էր, որ նախաձեռնեց այդ կարգավորման գործընթացը: Թուրքիան էր, որ ռիսկի դիմեց: Մենք ինքնավստահ ենք: Այն, ինչ ակնկալում ենք կարգավորման այս գործընթացում՝ առաջընթացն է: Եվ շատ կարևոր է, որ մենք շարժվենք այդ ուղղությամբ, և Ղարաբաղի հարցն էլ լուծվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այնտեղ բռնազավթում է տեղի ունեցել: Այս խնդիրը պետք է լուծենք ... Եվ, եթե այն դրական զարգացումները, որն ակնկալում ենք տեղի չունենան, ապա չեմ կարծում, որ մեր խորհրդարանում այդ հարցի քննարկումներում դրական արդյունք կստանանք»:

Ելույթ ունենալով Ջոնս Հոպկինսի համալսարանում, Էրդողանը հպարտորեն հավաստիացրեց, որ իր «նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել»: Հարցն այն չէ, թե անձամբ Էրդողանի նախնիները մասնակցել են Հայոց Ցեղասպանությանը, քանզի մեղսագործ թուրքերի պակաս չի զգացվել: Էլ ավելի կարևոր է, որ վարչապետ Էրդողանը նախընտրեց դառնալ այս հրեշավոր ոճրագործությունների մեղսակիցը՝ մասնակցելով դրանց պարտակմանը:

Չնայած Էրդողանի և Օբամայի միջև դիվանագիտական բոլոր հաճոյախոսությունների փոխանակմանը, ակնհայտ էր երկու ղեկավարների հանդիպման լարվածությունը: Համաձայն լրատվամիջոցների հաղորդագրությունների, նաև հաստատված Սպիտակ տան աղբյուրների կողմից՝ նախագահ Օբաման բացահայտորեն ասել է Էրդողանին, որ եթե թուրքական խորհրդարանը խելամիտ ժամկետում չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է Հայոց Ցեղասպանության ճանաչման որոշում ընդունել:  

Երկու ղեկավարները բախվեցին նաև մի քանի հիմնական հարցերի շուրջ ունեցած իրենց տարաձայնությունների պատճառով. Աֆղանստան լրացուցիչ զորք ուղարկելու Թուրքիայի դժկամությունը, Իրանի միջուկային ծրագիրը դատապարտելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ-ի) վերջին որոշմանն աջակցելուց հրաժարվելը, Իրանի հետ բազմամիլիարդանոց էներգետիկ պայմանագրի կնքումը, չենթարկվելով այդ հարցում ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իսրայելի հետ կապերի վատթարացումը, Հյուսիսային Կիպրոսի շարունակվող բռնազավթումը և Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների բացահայտ անտեսումը:

 Էրդողանի հույժ կարևոր այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյն անսպասելիորեն հրաժարական տվեց՝ Սպիտակ տանը հանդիպումը ոչ պատշաճ կազմակերպելու պատճառով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ ունեցած վիճաբանությունից հետո: Այս խայտառակ անակնկալը խիստ անհարմար կացության մեջ գցեց վարչապետին:

Թուրքիա վերադառնալուն պես Էրդողանը կանգնեց լուրջ քաղաքական ճգնաժամի և քրդաբնակ քաղաքների փողոցներում արյունալի բախումների առջև, որոնք ծնունդ էին առել Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) գործունեության արգելման պատճառով: Դատարանը քրդական կուսակցության երկու անդամներին վտարել էր խորհրդարանից, իսկ մյուս 19 անդամները հրաժարական էին տվել՝ ի նշան բողոքի:

 Ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի վիրավորական հայտարարությունները վճռականորեն դատապարտելու փոխարեն շարունակում են խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Ամերիկայի հայերը նույպես անհոգ գտնվեցին՝ չարտահայտելով իրենց զայրույթը: Վաշինգտոնում Էրդողանը պետք է բախվեր վիթխարի հանրավաքների և բողոքի ցույցերի: Ցավոք սրտի, լռությունը ցեղասպանության ժխտումը դարձնում է թույլատրելի գործելակերպ:  

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան

Այս խորագրի վերջին նյութերը