Մեկնաբանություն

20.08.2016 00:50


Ծաղկահովիտն՝ ընդդեմ Բ26-ի

Ծաղկահովիտն՝ ընդդեմ Բ26-ի

ՏԻՄ ընտրություններին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) առաջադրման հարցը, կարծես թե, լուծվեց: Երկա՜ր «գցել-բռնելուց» հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը, ավելի ճիշտ՝ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որոշեց հաստատել կալանավորված Խանդոյանի լիազորագիրը, ինչն էլ փոխանցվել է վերջինիս փաստաբանին:

Արդեն փաստաթղթերը ներկայացվել են մարզային ընտրական հանձնաժողովին: ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի գյուղապետի թեկնածու Արայիկ Խանդոյանի առաջադրումը հանձնաժողովը կգրանցի թե ոչ, այդ մասին ավելի ուշ կիմանանք:

Սակայն արդեն հայտնի են նրա մրցակիցները՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ, անկուսակցական անձ եւ ԲՀԿ անդամ:

ԲՀԿ-ից հայտնել են, որ Արայիկ Խանդոյանի առաջադրման դեպքում իրենց թեկնածուին կհանեն մրցապայքարից: Բայց առայժմ նման քայլ տեղի չի ունեցել: Անկուսակցական անձի առաջադրման նպատակը պարզ է. միշտ էլ իշխանությունը նման անձերի մեջտեղ է գցում ընրություններում «մրցակցության» իմիտացիա ստեղծելու կամ էլ անկուսակցական թեկնածուի միջոցով «տակից» իրենց թեկնածուին աջակցելու համար:

Եթե ԲՀԿ-ն խոստումը կատարի եւ սեփական թեկնածուի առաջադրումը չեղյալ համարի, ապա Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնի համար պայքարն, ըստ էության, ընթանալու է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի միջեւ: Առաջինը՝ ազատության մեջ, գյուղամիջում կանգնած, երկրորդը՝ բանտում:

Ի դեպ, «Վիքիպեդիայում» «Հայտնի ծաղկահովիտցիներ» խորագրի ներքո ընդամենը մեկ անուն է նշված՝ «Արայիկ Խանդոյան, հայ ազատամարտիկ»:

2000-ականներին Ծաղկահովիտի բնակչությունն ավելի քան 2200 էր, այժմ՝ 1700: Ընտրողների թիվը որքան է՝ հայտնի չէ:

Արցախյան ազատամարտում չորս տարի հերոսաբար մարտնչած Միայնակ գայլին, բնականաբար, ճանաչում է ողջ գյուղը: Ծաղկահովիտցիները գիտեն նաեւ, որ անցյալ տարի նա հետ է վերադարձրել իր մարտական պարգեւները (Բերձորի հայտնի դեպքերից հետո):

Գյուղի բնակչության համար պարզ է նաեւ, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետը հերոսական անցյալով, առավել եւս՝ ներկայով, երբե՛ք չի փայլել: Ավելին՝ իրենց գյուղի օրինակով (որտեղ տարիներով չեն լուծվում խմելու եւ ոռոգման ջրի, գյուղամիջյան ճանապարհների հիմնախնդիրները) ծաղկահովիտցիներին քաջ հայտնի է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, ինչի պատասխանատուն իշխող ուժն է, որի ներկայացուցիչն էլ իրենց գործող գյուղապետն է: Ով կուսակցական առաջնորդի նման վերընտրվելու ախորժակից երբեք չի հրաժարվում:

Ուրեմն, ընտրությունը ծաղկահովիտցիներինն է, որոնցից յուրաքանչյուրը կարող է այնպիսի «ծուռ» դառնալ եւ քվեարկության այնպիսի «ծուռ» արդյունքներ ապահովել, որ առանձին վերցրած՝ մի համայնքում հօդս կցնդի տոկոսխփոցիի Բաղրամյան 26-ական լպիրշ «ավանդույթը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը