Քաղաքական

19.08.2016 14:00


Ա. Մարտիրոսյան. «Իմ նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր»

Ա. Մարտիրոսյան. «Իմ նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր»

Օրերս ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր։

–Ոչ մի հիմք չկար, ամբողջովին ապօրինի էր, քաղաքական հետապնդում էր: Տեսել եք՝ քարը ձեռքին ոստիկանությունից ինչ էին իրականացնում, ինչ խմբավորումներ էին գործում ոստիկանների հետևում, քաղաքացիական անձինք՝ ձեռքներին տարբեր տեսակի ձողեր: Այս ամենը դուք արձանագրել եք, ինչի համար շնորհակալ եմ, հենց դրա շնորհիվ ապացուցվել է իմ ու մնացած քաղբանտարկյալների անմեղությունը: Քրեական գործ հարուցելը ապօրինի, շինծու, քաղաքական հաշվեհարդար տեսնող քայլ էր, ոչ ավելին,- ասել է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշել է՝ ձերբակալվելուց հետո իր համար անթույլատրելի էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատականը:

–Ինքը, ցավոք, իմ մասին խոսքեր ասաց, որոնք ոստիկանության ներկայացուցիչներ էին ցուցմունքներում գրել, որոնք իրականությանը չէին համապատասխանում: Ընդ որում՝ հարցադրումներ էր արել, որոնք ոստիկաններն անգամ չէին արել։ «Սասնա ծռեր»-ի գրաված գունդ այցելելու ու իբրև այնտեղ մարդկանց տանելու իմ ցանկության մասին ասեմ, որ նման ցանկություն չի եղել: Երբ ես ասել եմ, որ «Սասնա ծռերն» ու ժողովուրդը պետք է միանան, իրենք կարող են հասկանալ էլեկտրական զոդում, որովհետև դա է նշանակում, կամ կարող են հասկանալ, որ սուպեր սոսինձով գնանք ու իրար կպնենք: Բայց բոլոր իմ ելույթների իմաստն այն է եղել, որ ամեն ինչ անենք, որ տղաներն ազատվեն, հասարակության հետ լինեն: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք ՊՊԾ գնդի գրավումը, պահանջները քաղաքական էին:

Անդրադառնալով Փաշինյանի՝ զենք պահելու մասին հայտարարությանը՝ Մարտիրոսյանը նկատել է.

–Պատասխանեմ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչ եմ նկատի ունեցել, երբ ասել եմ, որ չեմ ցանկանա, որ հանկարծ զենքը կրիմինալի ձեռքը անցնի, բա ո՞ւմ ձեռքում դա պետք է լիներ: Տարբերակ մեկ՝ զենքն այն ոստիկանների վերահսկողության ներքո է, ովքեր անցնում են ժողովրդի կողմը, իսկ այդպիսիք շատ են, մի քանի հարյուր ոստիկան են, որ մնացել են իշխանություններին պաշտպան, դա Ներքին զորքերի մի մասն է, Արցախից եկած հատուկջոկատայինները: Տարբերակ երկրորդ՝ զենքը կարող էր վերահսկել ՀՀ մայրաքաղաքում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որևէ մեկը, 3–րդ՝ կարող էր վերահսկել նաև ԱԱԾ որևէ ստորաբաժանում: 4-րդ՝ զենքը կարող էին վերահսկել ԱԻՆ աշխատակիցները, որևէ ստորաբաժանում, որովհետև հատուկ դրության ժամանակ իրենք էլ ուժային կառույց են համարվում: Եվ վերջում զենքը կարող էր վերահսկվել ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչների ու ուժային կառույցների համատեղ ջանքերով: Ես նկատի եմ ունեցել սա: Խնդրում եմ՝ այսուհետ որևէ մեկն իմ խոսքերն ըստ հայեցողության չմեկնաբանի:

Մարտիրոսյանն ընդգծել է՝ իշխանափոխության լավագույն միջոցը եղել ու մնում է բացառապես մեկը՝ հասարակության ակտիվ մասնակցությունը, քաղաքացիական անհնազանդությունը: Իշխանությունը պիտի հասկանա, որ ինչպես ժողովուրդը իրեն բերել է իշխանության, այդպես էլ կարող է հեռացնել իշխանությունից:

–Ես չեմ հրաժարվում քաղաքական իմ սկզբունքներից, իմ քաղաքական պայքարից չեմ հրաժարվում. շարունակում եմ պնդել, որ Հայաստանին պետք են քաղաքական փոփոխություններ, ինքնիշխանության վերականգնում,–հավելել է Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը