Մեկնաբանություն

19.08.2016 11:20


Ահարոնն ու Շավարշը

Ահարոնն ու Շավարշը

Իշխանությունները Ղարաբաղի հետ կապված քարոզը երկու ուղղությամբ են տանում՝ քիրվայական ու «հայրենասիրական»: Այս երկու ուղղություններում տարբեր մարդիկ են ներգրավված և տարբեր դերակատարում ունեն, բայց բոլորը ծառայում են Սերժ Սարգսյանին:

Կախված իրավիճակից՝ ուժեղանում է այս կամ այն ուղղությունը: Մոսկվայից վերադառնալուց հետո ՀՀԿ ղեկավարն ուժեղացրեց քիրվայական՝ հանձնողական գիծը: Մարտի նետվեցին տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանը, էլիտար խոպանչի Անդրանիկ Միհրանյանը և այլք: Մթնոլորտը դարձավ «ֆուտբոլային»:

Երեկ հանդես եկավ «հայրենասիրական» ուղղության ներկայացուցիչ, եվրաասոցացված եվրասիական Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ բանակցային գործընթացը ենթադրում է գնալ փոխզիջումների, սակայն քանի դեռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա հայկական կողմից զիջումների մասին խոսելը տակտիկական կոպիտ սխալ է:

Շավարշ Քոչարյանը երևի չգիտի, որ իր նշած տակտիկական (և ոչ միայն տակտիկական) կոպիտ սխալը թույլ են տվել Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը և այլ երևելի դեմքեր: Սարգսյանն օդում, ջրում և ցամաքում խոսում ու իր հավատարմության երդումներն է տալիս հակամարտության կարգավորման կազանյան տարբերակին, որի համաձայն՝ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների:

Հիմա Շավարշը խոսում է տակտիկական սխալներ թույլ չտալու մասին, ինչը «հայրենասիրական» պոպուլիզմ է և Ահարոնին քարոզչական դաշտում հակակշռելու անհաջող փորձ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը