Քաղաքական

17.08.2016 13:30


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին դանակահարել են

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին դանակահարել են

Օգոստոսի 16-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին:

«hetq.am»–ի փոխանցմամբ՝ դեպքից րոպեներ առաջ Գարիկն իրենց տան պատշգամբի տակ նկատել է երկու անհայտ անձանց, որոնցից մեկը, ինչպես ինքն է պատմում, պտտվել է իր մեքենայի շուրջ, մյուսը՝ նայել բնակարանի ուղղությամբ:

Գալստյանը դուրս է եկել պատշգամբ՝ պարզելու, թե ովքեր են նրանք: Վեճ է ծագել, որը շարունակվել է Գալստյանի բնակարանից քիչ հեռու գտնվող այգում:

Գարիկը պատմում է. «Երբ հասանք այգի, այդ մարդիկ, որ մինչ այդ ասում էին, թե բակը հանրային տարածք է, բոլորինն է եւ այլն, խոսակցության թեման փոխեցին, հարցրին՝ «Սանա ծռեր»-ին ինչպե՞ս ես վերաբերվում, պատասխանեցի՝ գերազանց, նրանց արածը հերոսություն է, շարունակեցին՝ բա իրենց արածներին ինչպե՞ս ես վերաբերում, ասեցի՝ էլի գերազանց: Այս խոսքիս վրա սկսեցին երկուսով բռունցքներով հարվածել ու շարունակեցին հարվածել դանակով: Ձեռքով պաշտպանվում էի եւ ձախ ձեռքիս ափին դանակի երեք հարված ստացա»:

Գալստյանի խոսքով՝ ծեծի ընթացքում անծանոթները հայհոյել են «Սանա ծռեր» խմբի անդամներին, ասել՝ Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, ոչ մեկ իրավունք չունի նրա դեմ դուրս գալ: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը, որ հուլիս ամսից շարունակվող հանրահավաքներին մասնակցում է, կարծում է, որ իրեն ծեծի են ենթարկել իշխանական թևի ներկայացուցիչները:

Պատահարի մասին ոստիկանությանը չի տեղեկացրել: Ասում է՝ մինչ այդ այլ գործերով ոստիկանություն բողոք է ներկայացրել, սակայն որևէ բան չի բացահայտվել, որևէ մեկը չի պատժվել:

Մանրամասն՝ «Հետքում»։

Այս խորագրի վերջին նյութերը