Մեկնաբանություն

15.12.2009 17:48


Ասում են՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն», բայց հետընթաց է բոլոր ոլորտներում, ասում են՝ «Հաղթելո՛ւ ենք», բայց պարտվում են

Ասում են՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն», բայց հետընթաց է բոլոր ոլորտներում, ասում են՝ «Հաղթելո՛ւ ենք», բայց պարտվում են

Ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է, որ ընտրություններին անհատ թեկնածուները կամ քաղաքական ուժերը կարգախոսներով են ներկայանում։ Բայց եթե ամբողջ աշխարհում կարգախոսի ընտրությունը երկար ճանապարհ է անցնում և հիմնականում արտահայտում տվյալ թիմի գործունեության բնույթն ու ակնկալվող արդյունքները, ապա մեզ մոտ հիմնականում դա քաղաքական գործիչների կամ նրանց «խորհրդատուների» մտքի փայլատակման արդյունքն է, որի տակ գրեթե ոչինչ չկա։ 

Մասնավորապես 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարգախոս էր ընտրել «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, որին մեկ տարի հետո՝ նախագահական ընտրությունների ժամանակ, հաջորդեց ավելի տպավորիչ և հուզիչ կարգախոս՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն»: Թե ի՞նչ էր արվելու Հայաստանի համար, և թե հատկապես ո՞ր ուղղությամբ պետք է Հայաստանն առաջ գնար՝ «շովու» բիզնեսի կարկառուն «աստղերի» ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցող նախընտրական հանդիպումների ժամանակ որոշակիորեն նշվում էր, բայց դե, բնականաբար, չէր ասվում, որ Հայաստանը պետք է նախաձեռնող դառնա, որ Հայաստանին Թուրքիայի հետ «ֆուտբոլ» խաղալն էր որպես նվեր մատուցվելու, իսկ առաջ գնալով՝ Հայաստանը հասնելու էր տնտեսական աննախադեպ անկման՝ 18 տոկոսի սահմաններում (առայժմ)։ Թե այս տեմպերով առաջ գնալով Հայաստանը որքա՞ն է հետ-հետ գնալու, դեռ պարզ չէ։

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի և այդ կուսակցության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հետ պայքարող Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը վստահաբար հայտարարեց՝ «Հաղթելո՛ւ ենք»։ Ավելին, չնայած ընտրություններում կրած պարտությանը՝ ընտրություններից հետո ՀԱԿ-ի վերածված տերպետրոսյանական թիմը փոխեց կարգախոսը՝ ասելով՝ «Հաղթել ենք» կամ «Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից»։ Սակայն ինչպես տեսանք՝ ո՛չ Հայաստանը փոխվեց, ո՛չ էլ առավելևս Երևանը։

Ի վերջո, բանը հասավ նրան, որ նախագահական ընտրություններից ընդամենը մեկ տարի հետո՝ իրեն որպես գործիք օգտագործելու առաջարկ արած Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք միայնակ ի վիճակի չեն իշխանափոխություն իրակացնել, և «Հայ ազգային կոնգրեսի» հաղթանակն այժմ անորոշության գրկում է։ Այսինքն՝ «գործիքը» չաշխատեց։

Մի փոքր հետադարձ հայացք նետենք և հիշենք նաև մի շարք այլ կուսակցությունների և թեկնածուների կարգախոսները՝ եզրահանգումները թողնելով ընթերցողներին։ Կարգախոսներն այդ կպատմեն դրանց տերերի անցած ուղու և ճակատագրի մասին։ Եվ այսպես.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ հայտարարեց, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, իսկ հետո կոչ արեց՝ «Աշխատենք միասին»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ընտրել էր «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսը։ Այնուհետև՝ Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ, հայտարարեց, որ «Մեր խոսքը գործ է»։  

ՀՅ Դաշնակցությունը վստահեցնում էր, որ «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է»։

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ էր անում միասին կառուցել օրինաց երկիր՝ վտահեցնելով՝ «ժողովրդի հետ, ժողովրդի համար. մարդ, իրավունք, աշխատանք»։

«Ժառանգությունը» յուրաքանչյուրի տեր լինել-չլինելով էր հետաքրքրված՝ հարցնելով՝ «Տե՞ր ես...»։

Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցության կարգախոսներից մեկը «Հայրենիքը փրկենք միաբանությամբ»-ն էր։

«Սկզբունքներ և արժանապատվություն» կարգախոսն ընտրել էր Ստեփան Դենմիրճյանի ՀԺԿ-ն։ 

Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն խորհուրդ էր տալիս՝ «Վերացրո՛ւ պատճառը, կվերանա հետևանքը»։

Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն հայտարարում էր՝ «Փոխե՛լ և ոչ թե հարմարվել» և այլն, և այլն։

Ընթերցողների ժամանակը խնայելով և նրանց պայծառ հիշողությունը  կասկածի տակ չառնելով՝ յուրաքանչյուր կուսակցության և թեկնածուի կարգախոսի և դրանց՝ իրականությունից կիլոմետրերով հեռու լինելու մասին չենք խոսի։ Պարզապես փորձենք հասկանալ, թե, պատկերավոր ասած, ինչպե՞ս է ստացվում, որ ասում են՝ «Առա՛ջ, Հայաստան», բայց հետ ենք գնում, ասում են՝ «Հաղթելո՛ւ ենք», բայց պարտվում են։ 

Կարգախոսը կամ, ինչպես PR տեխնոլոգիաներում է ընդունված, «սլոգանը», նախընտրական արշավն ամբողջացնող ձևակերպումն է։ Ընտրական տեխնոլոգիաների PR մասնագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում քաղաքական գործընթացները նորմալ զարգացած չեն, և, բնականաբար, նորմալ չեն նաև «սլոգանները»։

Քաղաքակիրթ երկրներում «սլոգանները» հենց այնպես, օդից չեն վերցվում։ «Սլոգանի» ընտրությունը բավական երկար և բարդ աշխատանք պահանջող գործընթաց է. նախ պետք է ուսումնասիրես քո ընտրազանգվածը, թե ի՞նչ կերպարով ես պատրաստվում ներկայանալ, նախապես մշակես նախընտրական ելույթները և այլն, ու հետո նոր այդ ամենն ամփոփող կարգախոս ընտրես։ Սա զարգացած երկրում։ Իսկ մեզ մո՞տ։ Մեզ մոտ կարող են շատ լավ «սլոգան» ընտրած լինել, բայց ընտրությունների հաջորդ օրն իսկ ճիշտ հակառակ քաղաքականություն իրականացնեն։

-Քանի որ մեզ մոտ ընտրություններով չի ձևավորվում իշխանությունը, և այդ ընտրությունները 100%-ով վստահություն և լեգիտիմություն չունեն, մարդիկ ուղղակի «սլոգանի» վրա ուշադրություն չեն դարձնում,- բացատրում է PR մասնագետը,- «սլոգանն», ի վերջո, քո խոստումն է, իսկ իրենք գիտեն, որ խոստումով չեն ընտրվելու, որովհետև շատ դեպքերում ուրիշ կերպ են ընտրվում՝ գումար բաժանելով և այլն։

Խնդիրն ունի նաև իր հոգեբանական կողմը։ Մասնավորապես հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերով՝ մեր հայրենի քաղաքական գործիչները կարգախոսներն ընտրում են զուտ ինտուիտիվ կերպով, ինչը գեղեցիկ և հարմար են համարում։ Նպատակը դիմացինին լավագույնս ներկայանալու ցանկությունն է, որը հոգեբանության մեջ կոչվում է ինքնաներկայացում։

-Մենք, մեծամասամբ, մարդկանց ներկայանում ենք մեր իդեալական «ես»-ով։ Այդտեղ մարդը կարող է ուռճացնել իր լավագույն դիրքորոշումները,- նշեց հոգեբանը՝ հավելելով, որ ուռճացման այս ճանապարհին մարդը նույնիսկ կարող է իրեն հաշիվ չտալ, թե որքանով է իր ներկայացրած կերպարը տարբերվում իրական կերպարից։

-Երբ մենք ընտրության մրցակցության մեջ ենք մտնում, կարող ենք ազարտից ելնելով՝ իրականությունից հեռու գնալ և մեզ ներկայացնել ոչ թե մեր իդեալական «ես» պատկերով, այլ ֆանտաստիկ։ Եվ, բնականաբար, մենք այնքան ենք այդ պատկերը կտրում մեր իրական հնարավորություններից, որ հետո եթե նույնիսկ ուզենք, չենք կարող այդ պատկերի մեջ մտնել։ Դրա համար մարդիկ կարող են ի վիճակի չլինել անելու այն, ինչ մտածում էին, որ կանեն։ Կամ էլ պարզապես ստում են. գիտեն, որ չեն կարող, և ուղղակի մարդկանց համոզելու, գրավելու խնդիր է դրված։

Հայաստանյան հաջորդ ընտրություններն այնքան էլ հեռու չեն։ Մնացել է ընդամենը 2 տարի (իհարկե, եթե ֆորսմաժորային զարգացումներ չլինեն)։ Եվ ահա, հոգեբանը քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս կարգախոսներ ընտրելիս իդեալական «ես»-ի տարրեր ներառել (ի վերջո, դա դրդում է ինքնակատարելագործման), բայց չհեռանալ իրականությունից և չընկնել ֆանտազիաների գիրկը, եթե չեն ուզում, որ հետո ժողովուրդն իրենցից հիասթափվի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը