Քաղաքական

15.08.2016 15:14


Ալեք Ենիգոմշյան. «Սա վերկուսակցական շարժում է»

Ալեք Ենիգոմշյան. «Սա վերկուսակցական շարժում է»

Համակարգող խումբը վերակազմակերպվել է և անցել է իր գործառույթներին, «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ցույցերը համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Համակարգող խումբը գտնում է, որ այս շարժումը վերկուսակցական շարժում է, դա ՊՊԾ [պարեկապահակային ծառայության] գնդի տարածքից դուրս «Սասնա ծռեր»-ի քաղաքական պահանջների նկատմամբ հավատարմության, այդ պահանջների միտքն ու էությունը, բովանդակությունը կրելու հանձնառությունը ստանձնած մարդկանց, նաև այդ պահանջները իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու հանձնառությունը ստանձնած մարդկանց խումբ է, որը ժողովրդի հետ միասին պետք է այդ նպատակը փորձի իրականացնել»։

Ավելի վաղ Ենիգոմշյանը հայտարարել էր, որ համակարգող խմբի պահանջները մնում են նույնը՝ «Սերժ Սարգսյանի և վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում»:

Ենիգոմշյանի խոսքով՝ սա [նպատակների իրագործումը] պահանջում է վերկուսակցական մոտեցում։ «Այդպես եղել է և այդպես էլ կա։ Հիմա դա չի նշանակում, որ կուսակցականներ կամ թեկուզ և կուսակցություններ չպետք է, իրավունք չունեն մասնակցություն բերել այդ պայքարին, այդ իրավունքը ոչ ոքից չի զլացվում։ Անհրաժեշտ է, որ լինի մի առանցք, որը հավատարիմ է «Սասնա ծռեր»-ի առանցքային պահանջներին և, կրկնում եմ, կրողն է այդ գաղափարների, բայց դա չպետք է լինի, այսպես ասենք, քաղբյուրոյի դերակատարությամբ ինչ-որ կառույց, որը վերևից թելադրի, թե ինչ պետք է արվի և այլն։ Դա պետք է ապահովի միայն հավատարմություն այդ գաղափարներին»,-ասաց համակարգող խմբի անդամը՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ով ու նրանց պահանջներով նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։

«Եթե այդ հավատարմությունը պահպանվի, և այդ առանցքը մնա միշտ հավատարիմ այդ սկզբունքներին, դրա շուրջ, դրանից անկախ ցանկացած նախաձեռնություն, իսկապես կառուցողական նախաձեռնություն, պետք է ողջունել։ Եթե անգամ նրանք կուսակցություններ են կամ կուսակցականներ են, խնդիր չկա այդտեղ, կարևորը բոլոր ուղղություններով այդ վեկտորները հանգեն և, առանց իրար հետ հակասությունների մեջ մտնելու, ներդաշնակվեն և նպաստեն հիմնական խնդրի լուծմանը», - ասաց Ենիգոմշյանը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը