Քաղաքական

13.08.2016 10:37


Վարուժան Ավետիսյան. «Այս պատմական հարսանիքի փեսացուն երիտասարդությունը պետք է լինի»

Վարուժան Ավետիսյան. «Այս պատմական հարսանիքի փեսացուն երիտասարդությունը պետք է լինի»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից

««Սասնա ծռեր» խմբավորման փոքրիկ խենթությամբ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով:

Ներկայումս մենք մասնակցում ենք այդ ծնունդի ակնկալիքով կատարվող պսակադրությանը: Այս պատմական հարսանիքի փեսացուն երիտասարդությունը պետք է լինի, իսկ հարսնացուն՝ քաղաքականությունը: Ըստ կյանքի օրենքի ավագ սերունդը կարող է միայն քավոր լինել:

«Սասնա ծռեր» խմբավորման ուժի և հաջողության աղբյուրը ոչ թե անցյալի փառքն է (Պավել Մանուկյան, Մխիթար Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Թորոս Թորոսյան), այլ ապագայի երազանքը (Արամ Մանուկյան, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ, Սմբատ Բարսեղյան, Տիգրան Մանուկյան, Էդվարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, Հովհաննես Հարությունյան, Գագիկ Եղիազարյան, Թաթուլ Թամրազյան և մյուսներ):

Հիմա խենթության, ասել է թե՝ իռացիոնալ քայլերի ժամանակն է: Մինչդեռ ավագ սերունդը կաշկանդված է անցյալով, ռացիոնալ է, հաշվենկատ և ծանրաշարժ: Ուստի ավագ սերունդը պետք է դավիթությունը թողնի երիտասարդությանը և ստանձնի Ձենով Հովանի և Քեռի Թորոսի դերը: Իսկ փեսացուն պետք է տեր կանգնի իր պսակին և հարսնացուին:

Եվ, եթե կլինեն այնպիսի ավագներ, որոնք սրբապիղծ Ցռան Վերգոյի նման կուզենան նրա տեղը զբաղեցնել, ապա երիտասարդ փեսացուն պետք է հարսանիքից վռնդի և պատժի այդ քաղաքական այլասերվածներին:

Ի գործ, սիրելի երիտասարդություն:Վերցրու՛ պայքարի դրոշը և առաջնորդի՛ր:

12 օգոստոսի 2016թ.»։

Այս խորագրի վերջին նյութերը