Կարծիք

13.08.2016 10:16


Ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա

Այդ հարցի մասին՝ ռուսի ասած «вокруг да около», շատ են խոսում՝ վերլուծաբանների պակաս մեզանում չկա: Մեկը լավատեսորեն համոզում է, որ Սերժը կարողացավ կանխել «Լավրովի պլանի» իրականացումը, ինչը ճշմարտանման խաբկանք է: Մյուսը հոռետեսորեն պնդում է, որ Պուտինը Սերժին կանչել էր «փոխզիջումների անհրաժեշտության» անվան տակ վերահաստատելու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Դավիթ Բաբայանը կոտրտված հայերենով ինչ-որ դատողություններ է անում, և նրա այդ հերթական «պարզաբանումները» հանրության համար էլ ավելի մառախլապատ են դարձնում ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծման ջանքերի իրական պատկերը: Իսկ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում քմծիծաղ տալով ձեռքերն է լվանում ու մեկնում Ռիո՝ Օլիմպիական խաղերը դիտելու, թողնելով փեսա Միշիկին և վերջինիս թիմակիցներին այս խայտաբղետ «վերլուծությունները» համակարգելու ու... վարձատրելու պատվավոր գործը: Դե արի ու սրանից հետո մի ասա, որ Միշիկի մեդիաներում մեկը մյուսին հերթ չտվող «վերլուծաբանները» շատ չեն տարբերվում մեր «քաղաքական գործիչներից»՝ գուցե միայն վարձատրության չափերով:

Այդ «ճամարտակող գլուխները», կարծես, «մոռացել են», որ ապրիլյան ճգնաժամը դեռ չավարտված՝ Սերժ Սարգսյանն իր սեփական նախաձեռնությամբ «Բլումբերգ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շատ հստակ հայտարարել էր, որ ղարաբաղյան ստատուս-քվոն փոխելու կողմնակից է: Որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չթողնի, թե ստատուս-քվոն փոխելու անվան տակ ի՞նչ նկատի ունի, նա բացիեբաց վկայակոչել էր հիմնախնդրի կարգավորման կազանյան նախագիծը՝ հայտարարելով, որ այն ստորագրելու իր համաձայնությունը տվել է դեռ 2011 թվականին:

Ի՞նչ նպատակ էր Սերժը հետապնդում այդ հայտարարությամբ: Տրամաբանությունը ստիպում է ընդունել, որ պատերազմական գործողությունների ծավալումը կանխելու և ժամանակ շահելու նպատակ: Այստեղից հետևում է, որ արդեն այն ժամանակ Սերժ Սարգսյանը միանշանակորեն հայտնել է «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ձևաչափով հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն: Այսպիսով, հետագա ամիսներին խնդիրը քննարկվում էր ոչ թե «ի՞նչ անել», այլ՝ «ե՞րբ անել» պրիզմայով: Այդ քննարկումները չափազանց դժվար էին Սերժ Սարգսյանի համար: Այնքան դժվար, որ սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպման օրը Սերժ Սարգսյանը հրահանգեց պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով ձեռբակալել հակահամակարգային ընդդիմության խարիզմատիկ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ նպատակ ունենալով միտումնավոր սրել ներքաղաքական իրավիճակը երկրում և ֆորս-մաժորի պատճառաբանությամբ վիժեցնել բանակցային գործընթացը:

Հայտնի է, թե Ուկրաինայում ի՞նչ հետևանքներ ունեցան Յուլյա Տիմոշենկոյի կալանավորումը և դրան հետևած զանգվածային ձեռբակալությունները: Հաշվարկը պարզ էր. ելնելով այն բանից, թե որքան ցավագին է Մոսկվան ընկալում Հայաստանում ուկրաինական Մայդանի կրկնության վտանգը՝ ռեժիմը գիտակցաբար գնաց ներքաղաքական իրավիճակի կտրուկ ապակայունացմանը: Իհարկե, Սերժ Սարգսյանը չէր ենթադրում, որ կարող է կորցնի վերահսկողությունը և իրականում կանգնի Վիկտոր Յանուկովիչի կարգավիճակում հայտնվելու վտանգի առջև: «Սասնա ծռերի» ֆենոմենը հնարավոր չէր վերահսկել՝ ինչպես պայթյուն իրականացնելիս հնարավոր չէ վերահսկել դրան հետևած երկրաշարժը:

Խաղամոլի հոգեբանությամբ փորձելով հընթացս օգուտ քաղել իր կամքին հակառակ ստեղծված և իրականում պայթունավտանգ իրավիճակից՝ Սերժ Սարգսյանը հունիս և հուլիս ամիսներին ճիգեր էր գործադրում՝ Կրեմլին համոզելու հետաձգել տարածքների հանձնման մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանում 2017 թվականի մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այնպես որ, «Սասնա Ծռերի» հետ 13 օր տևած դիմակայության ընթացքում իշխանությունների «համբերատարությունը», որը ռեժիմի քարոզիչներից ոմանք «հանդուրժողականության» և, նույնիսկ, «հումանիզմի» դրսևորում որակեցին, իրականում պայմանավորված էր այն բանով, որ այդ նույն ժամանակ Մոսկվայի Հին հրապարակում Սերժ Սարգսյանն իր բանագնացների միջոցով ծանր սակարկությունների մեջ էր՝ սեփական քաղաքական հեռանկարներն երաշխավորելու թեմայով:

Այո՛, ղարաբաղյան նոր ստատուս-քվոյի հաստատման հարցը հետընտրական շրջանում լուծելու վերաբերյալ Մոսկվայի խոստումը կորզելուց հետո միայն Սերժ Սարգսյանը դիմեց ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամը ուժային եղանակով հանգուցալուծելու քայլերին: Իսկ օգոստոսի տասին նա գնաց Մոսկվա անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչից հավաստիքներ ստանալու, որ Կրեմլը կերաշխավորի ղարաբաղյան ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ավարտը և իր հերթին վերահաստատեց սեփական պատրաստակամությունն իր կուսակցության իշխող կարգավիճակի վերարտադրման դեպքում կյանքի կոչել Ադրբեջանին ազատագրված տարածքների հանձնման ծրագիրը՝ «Լավրովի պլանը»:

Կողմերը քննարկել են նաև Ալիևին այդ հարցում համոզելու հնարավորությունը և եկել են այն եզրակացության, որ վերջինս ստիպված է համաձանել հարցի հետաձգմանը, քանզի չի կարող հաշվի չնստել Սերժ Սարգսյանին սպառնացող ներքաղաքական մարտահրավերների ու «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով «իշխանության ձգտող» արմատականների սպառնալիքների հետ:

Իմ տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանին ի վերջո հաջողվել է համոզել Կրեմլին, որ իրեն պետք է ժամանակ տալ՝ խռովարարների դատավարություններն ավարտելու, նրանց հուսալիորեն հասարակությունից մեկուսացնելու, քաղաքացիներին հանդարտեցնելու ու մնայուն խաղաղության հաստատմանը նախապատրաստելու համար: Այսպիսով՝ հմուտ խաղամոլի ճարպկությամբ նա կարողացել է իր քաղաքական հակառակորդների արմատականությունը և Երևանում նոր Մայդանի առաջացման վտանգը շահարկելով այս փուլում ստանալ հարաբերական թայմ-աութ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:

Որքանո՞վ է հուսալի այդ հարաբերական թայմ-աութը: Բաքուն և Անկարան կհամաձայնե՞ն սպասել մինչև 2017 թվականը: Բոլոր հիմքերն ունեմ կանխատեսելու, որ «Լավրովի պլանի» իրագործումը սեփական իշխանության վերարտադրության պլանի հետ շաղկապելու Սերժ Սարգսյանի ջանջերն ապարդյուն էին: Իլհամ Ալիևը, ավաղ, այնքան միամիտ չէ, որ հալած յուղի պես կուլ տա 2017 թվականի ընտրություններից հետո պատասխանատվությունից խույս տալու ու սեփական խոստումից հրաժարվելու Սերժ Սարգսյանի պարզունակ խայծը: Բաքվում լավ էլ հաշվարկել են, որ ՀՀԿ-ի վերարտադրությանը հասնելուց հետո Սերժ Սարգսյանը չի սպասի իր նախագահության ժամկետի ավարտին, կտա հրաժարական և, զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, կձերբազատվի «Լավրովի պլանի» իրագործման պատասխանատվությունից: Հասկանալով դա՝ Ալիևը ձգտելու է հասնել արդյունքի մինչև այս տարվա վերջը:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հետաձգելու գործում Մոսկվայի հետ էլ լուրջ հույսեր կապել չի կարելի, քանզի Բաքուն և Անկարան արդեն բանակցում են Մոսկվայի օգտին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման և Բաշար Ասադին իշխանության ղեկին պահելու դիմաց ազատագրված տարածքները մինչև այս տարվա վերջը ստանալու հարցը: Հաշվի առնելով, որ նույն Սերժ Սարգսյանի և նրա նախկին կոմերիտական գաղափարակից Հրանուշ Հակոբյանի մեղքով մենք ոչինչ չարեցինք սիրիահայությանն օժանդակելու՝ որպես ծանրակշիռ աշխարհաքաղաքական գործոն Սիրիայում ամրապնդելու ուղղությամբ, ինչի հետևանքով սիրիական գործերում Մոսկվային այլըտրանք առաջարկելու հնարավորություն այսօր չունենք՝ այս գործարքը Մոսկվայի և Անկարայի միջև շուտով կկայանա: Որոշ լուրջ աղբյուրների տվյալներով այն արդեն կայացել է և շուտով միս ու արյուն կստանա...

Իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը Մոսկվայում, որպեսզի փրկեր մեր խորտակվող ազգային նավը: Այս հարցի պատասխանն իրավունք ունեք ակնկալել, և ես այն չեմ ուշացնի: Առաջին հերթին՝ դեռ մինչև Պուտինի հետ հանդիպումը, պետք է հոգեբանորեն ձերբազատվեր ամեն գնով իշխանությունը պահելու մարմաջից: Երկրորդ՝ պետք է ուղիղ նայեր Պուտինի աչքերի մեջ և հստակ հայտարարեր, որ սույն թվականի ապրիլին հայության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո ծանր զենքերի վաճառքը Բաքվին դարձել է անհամատեղելի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետ և կարող է կարճ ժամանակում քայքայել այդ հարաբերությունները, ինչի համար պատասխանատվությունը կընկնի ռուսաստանյան կողմի վրա: Կարճ և կոնկրետ՝ առանց ավելորդ սեթևեթանքների: Քանի որ Սերժ Սարգսյանն այդպիսի հայտարարություն չարեց, ամբողջ պատասխանատվությունն առաջիկայում հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների վատթարացման համար ընկնում է հենց իր և իր ղեկավարած կուսակցության վրա: Ես ամենայն պատասխանատվությամբ այդ մասին հայտարարում եմ՝ կարճ ու կոնկրետ:

* * *

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատել է Սերգեյ Իվանովին և այդ կարևոր պաշտոնում նշանակել է էստոնական արմատներ ունեցող Անտոն Վայնոյին: Սա շատ վատ լուր է Սերժ Սարգսյանի համար, եթե հաշվի առնենք այն, որ տարիներ շարունակ Սերգեյ Իվանովը հովանավորել է Սերժին և մշտապես նրան օգնության է հասել ծանր իրավիճակներում: Օղակը սեղմվում է...

Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը