Քաղաքական

11.08.2016 16:43


Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Ըստ հիմնավորման՝ նախագծերի փաթեթի նպատակն է նորովի կանոնակարգել Հայաստանում հաշվառված բռնադատվածների և նրանց ժառանգների հիմնահարցերը:

Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ վերլուծված չեն 1994թ. հունիսի 14-ին ընդունված և առ այսօր գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի՝ դրույթների կիրառման արդյունավետությունը, առանձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները, ներկայացված չեն նաև վիճակագրական տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնադատված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կարողացել օգտվել հիշյալ արտոնություններից՝ տարբեր պատճառներով:

Նշված է նաև, որ օրենքի հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է բռնադատվածների կողմից ներկայացված դիմումներով, նրանց տրամադրում է համապատասխան տեղեկանքներ, վկայականներ և այլն: Հիմնավորման մեջ արտացոլված չեն հիշյալ հանձնաժողովի աշխատանքի պրակտիկ արդյունքները: Բացի այդ, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք կան գործող օրենքում: Մասնավորապես՝ բռնադատված հասկացության սահմանումը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման գործընթացի կարգավորումը և այլն:

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մեկ անգամ ևս ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները, քննարկել կառավարությունում՝ հրավիրելով նաև Ազգային ժողովի պատգամավորներին և հարցին տալ գլոբալ լուծում:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը