Մեկնաբանություն

12.08.2016 09:10


Անդաշնակից Հայաստան

Անդաշնակից Հայաստան

Այն ինչ հիմա կատարվում է Հայաստանի հետ՝ ներքին ու արտաքին քաղաքականության լիակատար ֆիասկո կարելի է համարել։

Օգոստոսի 10–ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան–Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը չունի դաշնակից։ Ճիշտ է, ֆորմալ առումով ՀՀ–ն ու ՌԴ–ն ռազմավարական դաշնակիցներ են, մեզ մոտ կա ռուսական ռազմաբազա, Հայաստանը ՀԱՊԿ–ի ու ԵՏՄ–ի անդամ է, բայց դա ոչինչ չի նշանակում, քանզի պետությունների միջև հարաբերությունների մակարդակը ոչ այնքան թղթերով ու համաձայնագրերով է պայմանավորված, որքան ուժերի հարաբերակցությամբ, տվյալ պետությունների կշռով և միջազգային հարաբերություններում դրանց ունեցած դերով։

«Նախաձեռնողական» քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ մեզ չեն հարգում Արևմուտքում և չեն վստահում Ռուսաստանում։ Սարգսյանի «արևմտամետության» արդյունքում լավացան ռուս-ադրբեջանական հարաբերությունները, իսկ գիշերային որոշման արդյունքում Արևմուտքն ամբողջությամբ «ձեռք քաշեց» մեզանից: Ռուսները տեսան, որ ՀՀ-ն «քցող» է, իսկ Արևմուտքը արձանագրեց, որ գործ ունի անլուրջ պետության հետ:

Սարգսյանն անվտանգության հարցում սկզբում «խաղեր էր տալիս» Արևմուտքի հետ, ապա ապավինեց ՌԴ–ին: Նա լծվել էր բացառապես սեփական աթոռի պահպանման գործին։ Ապրիլյան քառօրյա բախումները ցույց տվեցին, թե ինչպիսի կործանարար հարվածներ է հասցրել «Սարգսյանը ՀՀ ու ԼՂՀ պաշտպանունակությանը։

Իշխանական քարոզչամեքենան հիմա փորձում է ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերությունների աննախադեպ սառը և ոչդաշնակցային հարաբերությունների վիճակը ներկայացնել որպես իբր թե արևմտամետ ՀՀԿ ղեկավարի ձեռքբերում, ինչպես նաև մեր ձախողումների միակ մեղավոր հայտարարել Կրեմլին, բայց դա առնվազն անմեղսունակություն է, իսկ իրականում՝ դեմագոգիա («Սերժն ի՞նչ մեղավոր է, սաղ էն չար Պուտինն է Հայաստանի դեմ աշխատում»,- անընդհատ տարածում են սերժականները)։

Միայն մեր թշնամիներին է ձեռնտու առանց դաշնակից Հայաստանը։ Ուրախանալ, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ փոխել է իր վերաբերմունքը, նշանակում է ուրախանալ, որ Հայաստանը տարածաշրջանում մեկուսացել է:

Ցավալին այն է, որ հիմա Ռուսաստանն ու Իրանն, իրենց իսկ շահերից ելնելով, ավելի շատ են մտահոգված ՀՀ անվտանգության խնդիրներով, քան մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը:

Սարգսյանը պետականաշինության գործում տապալվել է՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը։ Իսկ այն տնտեսական աճը, որի մասին սխալմամբ խոսում էր Պուտինը, վերաբերում է Սարգսյանին ու իր նեղ շրջապատին։

ՀՀ շահերից է բխում և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ–ի, և՛ մյուսների հետ նորմալ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Սարգսյանը դա չի կարողացել անել, քանզի իր անձնական շահերը խոր հակասության մեջ են ՀՀ ու ԼՂՀ շահերի հետ։ Իսկ դա նշանակում է, որ ներքին փոփոխություններն այն միակ երաշխիքն են, որոնք կարող են շտկել իրավիճակը, այլապես նախորդ դարի 20–ականների պատմությունը կարող է կրկնվել, ընդ որում՝ շատ ավելի վատ սցենարով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը