Մեկնաբանություն

09.08.2016 00:05


«Ռակիրովկաներով» ուղեկցվող թամաշաներ

«Ռակիրովկաներով» ուղեկցվող թամաշաներ

Երկրում թափ են հավաքում «արմատական բարեփոխումները»: Այսինքն՝ անիմաստ «ռակիրովկաներով» ուղեկցվող թամաշաները:

Գլխավոր դատախազին, ԱԱԾ պետի տեղակալին պաշտոնազրկելուց հետո Սերժ Սարգսյանը կադրային «երկրաշարժ» է իրականացնում ոստիկանական համակարգում: «Սասնա ծռերի» գործողությունը ՀՀԿ ղեկավարին ստիպել է աչքի անցկացնել Հայաստանի քարտեզը ու ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին քշել այս ու այն կողմ:

Ճիշտն ասած, զինված ապստամբության առաջին օրվան հաջորդող երկու շաբաթներին, երբ ժողովուրդը փնտրում էր ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Վլադիմիր Գասպարյանին, ցուցարարների հետ ոստիկանական բախումների, ընդհանուր թոհուբոհի մեջ իրավիճակը վերահսկող Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը հարթակի փոփոխվող «կազմակերպիչների» հետ շփումներում առանձնապես տգեղ ու ցինիկ վարքագիծ չէր դրսևորում:

Ի տարբերություն, ականջ կտրելու գործում մասնագիտացած տխրահռչակ Լևոն Երանոսյանի՝ Կարապետյանը նույնիսկ իրեն կոռեկտ էր պահում՝ ջանքեր գործադրելով, որպեսզի լարվածությունը գագաթնակետին չհասնի: Անկախ բռնաճնշումներից ու հետապնդումներից, որոնք իրականացնողներին դժվար է հիմա կոնկրետ մատնանշել, այնուհանդերձ, ոստիկանական բարձրաստիճանավորների շարքում Կարապետյանը, թերևս, միակն էր, որի նկատմամբ հակակրանքն այնքան ուժգին չէր, ինչպես մյուսների դեպքում էր և է: Ու, հիմա, փաստորեն, բռնեցին ու Աշոտ Կարապետյանին գործից հանեցին:

Այստեղից մեկ այլ զավեշտ է սկսվում: Ոստիկանության Երևանի վարչության պետին փոխարինելու է Շիրակի վարչության պետը, Շիրակի վարչության պետին փոխարինելու է Լոռու վարչության պետը, Լոռու վարչության պետին փոխարինելու է Տավուշի վարչության պետը: Չի նշվում, թե վերջինիս ո՞ր մարզի վարչության պետն է փոխարինելու: Երևի, Վայոց ձորից մեկին փոխարինող կգտնեն, էլի: Կարևորն այն է, որ «արմատական բարեփոխումների» պատրանք ստեղծեն: Էս մարզից տանեն էն մարզը, էն մյուս մարզից բերեն կողքի մարզը և այդպես շարունակ:

Պարզվում է, անհավանական մեծ քանակի հաստիքներով հագեցած ոստիկանական համակարգում վարչության պետերի սուղ կարիք կա: Այլապես անհասկանալի է տեղերում կադրեր չգտնելու իշխանության անարդյունք փնտրտուքը:

Իրականում այս ամենը թամաշա է: Ոստիկանության համակարգում տիրող բարքերն ու արմատացած անընդունելի գործելաոճը պետք է փոխել, ոչ թե զբաղվել ձևական կադրային տեղափոխություներ անելու գործով: Ինչով սիրում է զբաղվել Սերժ Սարգսյանը՝ փորձելով թոզ փչել բոլորիս աչքերին:

Արմատական բարեփոխումների իրական հնարավորություն կարող է ստեղծվել միայն մի դեպքում, երբ Բաղրամյան 26-ում և ընդհանրապես՝ կառավարման համակարգում չի լինի թոզ փչելու մեջ վարպետացած անձը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը