Քաղաքական

08.08.2016 10:58


Պավել Մանուկյան. «Տարածքները հանձնելը չի ներվելու»

Պավել Մանուկյան. «Տարածքները հանձնելը չի ներվելու»

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի նամակը, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության իշխանավորներին.

Դիմում եմ ձեզ, որպես բանիմաց ու պետականությամբ մտահոգ մարդկանց, քանզի տարիներ շարունակ դուք ձեզ հենց այդպիսին եք ներկայացել: Եթե այդպես է, ուրեմն մեր պայքարի նպատակը նույնն է. կերտել Հային վայել Հայոց պետություն:
Սակայն այդ ճանապարհին մեզ խոչընդոտում է հայաստանյան դրածո իշխանությունը, որն իր նյութեղեն կարիքները բավարարելու համար հանդգնում է արդեն վաճառասեղանին դնել մեր արյամբ ձեռք բերված հողերը:
Դուք, որ պատգամավոր եք կամ նախարար, դատավոր եք կամ դատախազ, մարզպետ եք կամ դեսպան, երբևէ մտածե՞լ եք, որ արցախյան հողերը հանձնելուց հետո, մի օր էլ ձեր աթոռի տակի հողն են հանձնելու:
Մի՞թե դուք հավատում եք, որ փոխզիջում է լինելու, և ոչ թե՝ զիջում, ու ազատագրված տարածքները հանձնելուց հետո ինչ–որ ուժեր ապահովելու են մեր հայրենակիցների անվտանգությունը: Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում մեր ժողովրդի դառը պատմությունը` Կարսը, Շահումյանը, և մի՞թե դասեր չեք քաղել անցյալի սխալներից:
Գոնե գիտակցո՞ւմ եք, թե հողերը հանձնելուց հետո որքան է երկարելու Ղարաբաղի սահմանը, և որ այդքան խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ չկան, որ սահման պահեն, ու թշնամին կարող է հասնել տաքուկ անկյուններում պատսպարված ձեր երեխաներին:
Լավ, դրանից հետո ո՞նց եք նախկինի պես փառաբանելու հայոց բանակը և հոտնկայս խմելու այդ հողերը հանձնողի կենացը:
Հասկացե՛ք, ո՛չ Քյոնիքսբերգը, ո՛չ Դանցիգը, ո՛չ էլ Ստրասբուրգը այլևս հնարավոր չէ պատկերացնել Գերմանիայի կազմում, ո՛չ էլ Լվովը կամ Բրեստը՝ Լեհաստանի: Դրանք բոլորն էլ պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքներ են: Մենք էլ, որպես պատերազմում հաղթանակած երկիր, վերականգնել ենք պատմական արդարությունը:
Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, և եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն՝ նաև հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի:
Դուք, որ քաջալերում եք մեզ վրա կրակողներին ու մեզ բանտարկողներին և կարծում եք, որ ենիչերիների հրոսակախմբի սվիններով ու պետական ահաբեկչությամբ կարելի է պահել այս անմեղսունակների համակարգը՝ չարաչար սխալվում եք, որովհետև չեք հասկանում, որ մենք ոգեղեն ենք, իսկ խաչվածին մահ չկա, և վաղը Սասնա Ծուռ է դառնալու ողջ ազգը:
Դուք, որ սահմանադրություններ ու օրենքներ եք գրում ու փոխում, մեզնից լավ գիտեք, որ Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը լոկ իրավաբանական հասկացություններ չեն. դրանց մեջ ներառվում են մարդ, տուն, ընտանիք, ցեղ, երկիր, պատիվ, արժանապատվություն, հավատ, հավատամք, երազանք ու էլի շատ արժեքավոր բաներ: Մի՛ ոչնչացրեք այդ արժեքները:
Եթե դուք ձեզ հայ եք համարում, լսեք մեր զոհված քաջորդիների հոգիների խռովքը, ըմբոստացեք նրանց արյունը վաճառողների դեմ՝ թեկուզ հանուն ձեր երեխաների հայ մնալու գաղափարի:
Ուշքի՛ եկեք, սթափվե՛ք, վաղն ուշ է լինելու. դուք կամ ընդվզում եք երկիր հայրենին ուրացողի դեմ, պահանջում եք նրա հրաժարականը և մնում եք հայ, կամ ուրանում եք ազգը, ընկնում եք ձեր հովանավորի ոտքերը և վայելում կերակրատաշտից ձեզ բաժին հասած թերմացքը:
Գուցև, երբևէ, մեր ժողովուրդը ձեզ ների իրեն թալանելու և նվաստացնելու համար, բայց տարածքները հանձնելը չի ներվելու:

Պ. Մանուկյան
«Սասնա ծուռ»
07.08.2016թ.
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ»։

Այս խորագրի վերջին նյութերը