Մեկնաբանություն

07.08.2016 00:01


8 տարի կեղտը մակերեսին է

8 տարի կեղտը մակերեսին է
Օգոստոսի 1-ի հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը նաև ափսոսանք հայտնեց և իր զզվանքն արտահայտեց ժողովրդի մեծամասնության անհիմն ոգևորության կապակցությամբ՝ հայտարարելով. «Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է»:
Ըստ ՀՀԿ ղեկավարի, պարզվում է՝ ժողովուրդն ինքն էր իր ոգևորությամբ «նպաստում զինյալների կործանմանը»: Երևի ժողովուրդն էր գնդի տարածքում հերթով կրակում զինյալների ոտքերին և նրանց շարքից հանում:
Երևի ժողովուրդն էր տանիքում գտնվող դիպուկահարի նախ՝ լուսանկարը (ֆոտոշոփը), ապա «մուլտը» տարածում համացանցում:
Երևի ժողովուրդն էր Սարգսյանի փոխարեն ապահով թաքստոցում երկու շաբաթ թաքնվում մինչև վրա կհասներ զինյալների կործանումը:
Ա՛յ, այսպիսի մաղձոտ ժողովուրդ ենք, որ ուզում ենք քաոս լինի ու «կեղտը մակերես» դուրս գա: Զզվելի է նմա՛ն մտածողությունը, այլ ոչ թե «Սասնա ծռերի» նկատմամբ ժողովրդի մեծամասնության համակրանքը: Ինչն էլ հունից հանել է Սերժ Սարգսյանին:
8 տարի կեղտը մակերեսին է, այդ ի՞նչ կեղտի մասին է նա խոսում: Գործող իշխանությունը, իշխող ուժը, ավելի ճիշտ՝ Սարգսյանի նեղ թիմն ինքնին մակերեսում հայտնված այն «կեղտն» է, որին առաջնորդում է ելույթի հեղինակը: Դա նորություն չէ:
Զարմանալին այն է, որ նման միտք է արտահայտում Սերժ Սարգսյանը, որը Սահմանադրությունը փոխելիս բոլորիս փորձում էր հավատացնել, թե «բարեփոխումների» շնորհիվ քաղաքական համակարգը, կուսակցությունները կկայանան: Բայց հիմա պարզվում է՝ բոլոր քաղաքական ուժերը «կեղտ» են, իսկ քաղաքական համակարգն էլ՝ առնվազն բիոզուգարան:
Այս հայտարարությամբ ՀՀԿ ղեկավարը վերստին հաստատում է իր ցանկությունը, որ մակերեսին միայն իր գլխավորած ուժը պետք է լինի՝ երկիրն ապականած տարթը (և այս մարդը ժողովրդավարությունից է խոսում):
Դե, ավելի վաղ էլ լսել էինք Շարմազանովի «վստահեցումը», թե ովքեր պաշտոններ են ուզում, պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով: Իսկ Գալուստ Սահակյանն էլ ասում էր. «Զրոները ճանապարհ չունեն, բայց մեր թիմը նույն կերպ պիտի գնա»: Այսինքն՝ այն «կեղտը,, որ մինչ այս կար մակերեսին, այդպես էլ մնալու է: Դե՝ զրոյական վարկանիշով: Մնում է ժողովուրդը ախտահարող նյութերը ձեռքն առնի և քվեարկությամբ իր տուն-երկրի տարթակալած կեղտը մաքրի:
Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը