Քաղաքական

06.08.2016 08:40


Աշոտ Պետրոսյան. «Ես գիտակցված գնացել եմ նահատակվելու՝ հանուն ժողովրդի»

Աշոտ Պետրոսյան. «Ես գիտակցված գնացել եմ նահատակվելու՝ հանուն ժողովրդի»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը շարունակում է օգոստոսի 4-ից սկսած հացադուլը և հրաժարվում է բժշկական օգնությունից․ այս մասին ՍիվիլՆեթ–ին տեղեկացրեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Աշոտն ինձ ասում է՝ ես գիտակցորեն գնացել եմ նահատակվելու հանուն իմ ժողովրդի, սնունդից կամ բուժօգնությունից հրաժարվելն ինձ համար ոչինչ չի փոխելու»,- Պետրոսյանի խոսքերը ՍիվիլՆեթին փոխանցեց Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը հավելեց, որ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը ցանկություն է հայտնել հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին և Ռոբերտ Ամիրխանյանին՝ առանց մանրամասնելու իր ցանկության պատճառները։ Պետրոսյանի զավակներն այժմ փորձում են կապ հաստատել կոմպոզիտորների հետ՝ իրենց հոր ցանկությունը փոխանցելու համար։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մեկ շաբաթից ավելի գտնվող Աշոտ Պետրոսյանի պաշտպանները տարբեր միջոցներ էին ձեռնարկում՝ իրենց պաշտպանյալին «խավարասերներով լի» սենյակից այլ սենյակ տեղափոխելու համար։ Մի քանի օր առաջ նրանց պահանջը բավարարվեց։

«Այժմյան սենյակը նույնպես վերապահումներով կարող է հիվանդասենյակ կոչվել, բայց նախկինի հետ համեմատելի չէ։ Այստեղ նվազագույն պայմանները գոնե ապահովված են։ Այժմ Աշոտի առողջական վիճակը բավարար է, սակայն ես շարունակում եմ պնդել, որ հրազենային նման վնասվածք ստանալու դեպքում դեռ մի քանի օր էլ նա պետք է քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանար»,- նշեց Արայիկ Պապիկյանը։

Մանրամասները՝ ՍիվիլՆեթ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը