Քաղաքական

06.08.2016 14:44


Հանդիպում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Չարենցավանի կառույցի ակտիվի հետ (ֆոտոշարք)

Հանդիպում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Չարենցավանի կառույցի ակտիվի հետ (ֆոտոշարք)

Չարենցավան քաղաքում օգոստոսի 5–ին տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության տարածքային կառույցի ակտիվի հետ հանդիպում, որին մասնակցել են կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող և վարչության անդամ Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամներ Մանվել Եղիազարյանը, Վարդան Թովմասյանը և Արեգնազ Մանուկյանը։

Նշենք, որ օրերս տեղի ունեցած Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի ժամանակ ընտրվել է 5 հոգուց բաղկացած խորհրդի կազմ, որը ղեկավարելու է Սասուն Սարգսյանը։

Իր ելույթում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Սասուն Սարգսյանն ասել է, որ հասարակությունն ունի փոփոխությունների կարիք։

–Երկրի այս ծանր վիճակը, անարդարությունը, սահմանում տիրող լարվածությունը, վաղվա օրվա բարեկեցիկ և անվտանգ ապրելու վստահության պակասը հանգեցնում են մեծաթիվ արտագաղթի։ Հետևաբար անհրաժեշտ է մի այնպիսի ուժ, որ կարողանա ձեռք բերել հասարակության վստահությունը, իր գործերով ապացուցել, որ իր գլխավոր նպատակը Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելն է։ Համոզված եմ, որ համախմբվելով կուսակցության շուրջ՝ կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները,–ասել է Ս.Սարգսյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը այժմ կանգնել է լինել–չլինելու շեմին։

–Մենք պարտադիր պետք է փոխենք ամեն ինչ, սուս ու փուս նստելով՝ բան դուրս չի գա։ Մենք ինչքան էլ հեռու պահենք մեզ, ասենք, որ չխառնվենք քաղաքականությանը, մեկ է դժբախտությունը գալու է, մեր դռանը չոքելու է։ Մինչև ե՞րբ է այս իրավիճակը շարունակվելու։ Պետք է պայքարել և փոխել այս ամենը,–նշել է Մ.Եղիազարյանը՝ հավելելով, որ համախմբված ժողովուրդն ավելի ուժեղ է, քան իշխանությունը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանն էլ ընդգծել է, որ ի տարբերություն իշխանությունների՝ իրենք առաջարկում են ոչ թե արտագաղթել, «ծախվել» կամ վախենալ բռնություններից, այլ համախմբվել և Հայաստանում իրականացնել համակարգային փոփոխություններ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն անդրադառնալով ղարաբաղի խնդրին նշել է. «Առանց ԼՂ–ի ինքնորոշման միջազգային ճանաչման, չպետք է քննարկել նույնիսկ մեկ թիզ հող տալու հարցը։ Նա նաև ավելացրել է, որ համակարգային փոփոխություններից հետո երկրում հնարավոր է շա՛տ արագ դրական արդյունքների հասնել»։

Հանդիպման ավարտին ներկաները հարցեր են ուղղել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամներին, որոնք վերաբերել են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներտնտեսական հարցերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը