Լրահոս

25.10.2010 09:44


Առաջարկ' Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման իրավական գործընթացի մասին

1988-1991-ից ի վեր ԼՂՀ հիմնախնդիրը ԽՍՀՄ-ով դրվեց ու գտնվում է միմիայն քաղաքական դաշտում, որի պատճառով առ այսօր, այսպես կոչված, «մադրիդյան» և բոլոր այլ սկզբունքներով և առաջարկներով  հանդերձ կարգավորումը չի իրագործվել:

Փաստ է, կատարված իրողություն, որ արդեն շուրջ 20 տարի է ինչ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական կայացած պետություն: Թերացումը արտաքին հարաբերությունների դաշտում է, ԼՂՀ-ն զրկված է արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Եռանախագահների թողտվությամբ 18 տարի ձգձգվող բանակցային գործընթացը, թե հանրապետությանը, թե նրա ժողովրդին դուրս է թողել միջազգային կենսական նշանակության իրողությունններից, ասես ենթարկելով տնային կալանքի, որի հետևանքում մի ամբողջ ժողովուրդ զրկված է մարդկային քաղաքակրթական զարգացման իր բոլոր միջազգային հիմնարար իրավունքներից ու ազատություններից:

Եթե այս իրավիճակը հանդուժելի էր պատերազմին հաջորդող մեկ-երկու տարիներին, երբ ԼՂՀ ժողովուրդը պատերազմի հասցրած վերքերն էր բուժում, ապա պատերազմից 16 տարի անց այլևս անհանդուրժելի է հենց միայն միջազգային իրավական սկզբունքներից ու նորմերից մեկնած, այդ թվում' հետևյալ կոնվենցիաներից ելնելով.

-«Զարգացման իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.:

-«Միջազգային մշակութային համագործակցության սկզբունքների մասին□ Յունեսկոյի Հռչակագիր, 4 նոյեմբերի 1966թ.:

-«Սոցիալական առաջընթացի և զարգացման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 11 դեկտեմբերի 1969թ.:

-«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» Միջազգային Դաշնագիր, 16 դեկտեմբերի 1966թ.:

-«Տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների փոխկապակցության և չտարանջատման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.:

-«Աշխարհի խաղաղության և մարդկության բարօրրության համար գիտատեխնիկական առաջընթացի օգտագործման մասին» ՄԱԿի Հռչակագիր, 10 նոյեմբերի 1975թ.:

Այս  իրավիճակում ԼՂՀ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները միջնորդված կերպով քիչ թե շատ պաշտպանելու ՀՀ-ի բոլոր փորձերը  ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ԵՄ-ի կողմից դիտվել են որպես բանակցային գործընթացին իբր խանգարող միջամտություններ:

Ելնելով ստեղծված փակուղային իրավիճակից առաջարկում ենք սկսել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթաց:

ՀՀ-ն, առանց այլոց կողմից նույնի ակնկալիքի, ճանաչում է ԼՂՀ անկախությունը հենց միայն միջնորդելու և երաշխավորելու համար ԼՂՀ ժողովրդի և ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատություններն ու զարգացման հնարավորություններն արտաքին հարաբերություններում իրականացնելու իրավունքը, համաձայն' ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավական հայտնի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև, ելնելով' ԼՂՀ Անկախության հանարաքվեյի արդյունքների մասին 6 հունվարի 1992թ. Հռչակագրից, առաջնորդվելով' ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Գերագույն Խորհրդի 8 հուլիսի 1992թ. որոշումով: Խնդիրն իրագործելու համար որպես ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբ.

1.ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունն ու ինքիշխանությունը:

2.ՀՀ-ն հաստատում է դիվանագիտական հարաբերություններ ԼՂՀ-ի հետ:

3.ՀՀ-ն բացում է դեսպանատուն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

4.ՀՀ-ի բոլոր դեսպանատներում բացվում են ԼՂՀ ներկայացուցչյուններ, որպես միջնորդ նպաստելու համար ԼՂՀ մարդու իրավունքների և զարգացման խնդիրների գործնական իրագործմանը:

5.ՀՀ-ն որպես ՄԱԿ-ի անդամ պետություն' միջազգային իրավասուբյեկտ, երաշխավորում է ԼՂՀ ներկայացուցչությունների ողջ գործունեությունը և պատասխանատվություն է կրում ԼՂՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

 Հակամարտության իրավական կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում

ԼՂՀ հակամարտության իրավական խաղաղ կարգավորումը ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Մինսկի խմբին (որի ստեղծումը համապատասխանում է «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիայի (18 հոկտեմբերի 1907թ.) 2-րդ բաժնի 2-8 հոդվածներին) առաջարկում է հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացը այսուհետ կազմակերպել, կառուցել և համաձայնեցնել վերոնշյալ Կոնվենցիայի սկզբունքներին ու դրույթներին: Ըստ այդմ հաշվի առնելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը' միջնորդական առաքելությունը, ձգձգվել է շուրջ 18 տարի, մինչդեռ պետք է տևեր առնվազն մեկ-երկու տարի, համաձայն նույն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-36 հոդվածների պահանջի' կատարել երկրորդ քայլը, ստեղծել հակամարտության ուսումնասիրման Միջազգային հետաքննող հանձնաժողով, որը քննության կառնի հետևյալ իրողությունները.

-Ադրբեջանի հայ քաղաքացիների նկատմամբ 1988-1990 թթ. ադրբեջանցիների կողմից իրականացրած բռնությունները, կոտորածները, թալանը,

-Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիան, պատերազմը և դրա հետևանքով հասցված վնասները,

-Ադրբեջանի կողմից, անցյալում և վերջին 20 տարիներին, հայկական մշակութային և քաղաքակրթական արժեքների ոչնչացման, մասնավորապես Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման խնդիրը,

-Ադրբեջանից բռնագաղթված շուրջ կես միլիոն հայ փախստականների թալանված ու հափշտակված ունեցվածքի խնդիրը,

-ԼՂՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրները,

-Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող ազգամիջյան ատելության սերմանման, պատերազմի հրահրման, ռասայական խտրականության քարոզչության խնդիրը:

-Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայոց և տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի, քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարությունը:

Միջազգային քննիչ հանձնաժողովի գործունեության ավարտին, եթե կողմերից մեկը չի ընդունում ներկայացված իրողությունը' առաջարկվող իրավական լուծումը, ապա Մինսկի խումբը' ըստ նշյալ Կոնվենցիայի 4-րդ բաժնի 37-90 հոդվածների, ձեռնարկում է երրորդ քայլը, այն է' հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը տանում է Միջազգային միջնորդ դատարան:

«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը