Մեկնաբանություն

04.08.2016 08:10


Օրակարգային միակ հարցը

Օրակարգային միակ հարցը

Ներքաղաքական պայքարի օրակարգային միակ հարցը պետք է լինի իշխանափոխությունը՝ Սերժ Սարգսյանին պետական կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու պահելու վերջնարդյունքով: Դա այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որը Հայաստանին այս վիճակից դուրս գալու հնարավորություն կտա:

Ընդունված է ասել, որ քաղաքական պայքարը պետք չէ անձնավորել, կարևորը համակարգային փոփոխություններն են և այլն: Այդ ամենը ճիշտ է, բայց ՀՀԿ ղեկավարն իրենով է փոխարինել պետական ինստիտուտները և ապահովել խայտառակ արդյունքներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում: Հետևաբար, Սերժ Սարգսյանի հեռացման հարցը ոչ թե անձնավորված է, այլ համակարգային բնույթ ունի: Եվ ուրեմն, կրկնենք՝ փոփոխությունների հասնելու համար իշխանափոխություն է պետք:

Ցանկացած այլ օրակարգ, որը կվերաբերի արտաքին կողմնորոշմանը, կլինի հակաարևմտյան կամ հակառուսական, չի կարող համարվել իրական: Դրսի ուժերի դեմ պայքարի կոչը ձեռնտու է բացառապես Սերժ Սարգսյանին:

Ներսի կոնկրետ մարդուն թողած՝ դրսի ուժերի դեմ պայքարի կոչ անողները կա՛մ ազնիվ քյարփինջ են, կա՛մ դհոլ: Մեծ հիմարություն է Պուտինի կամ Օբամայի հրաժարականը պահանջելն այն դեպքում, երբ Երևանում են հարցերը որոշվում, երբ ՀՀ քաղաքացին է որոշում կայացնողը, և երբ կա տեղական նշանակության անձ, ով հեռացման է ենթակա:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը