Քաղաքական

03.08.2016 12:29


Պաշտպան. «Այսօր շարունակում են նույն մարտիմեկյան ձեռագիրը»

Պաշտպան. «Այսօր շարունակում են նույն մարտիմեկյան ձեռագիրը»

–Հայաստանում ՄԻՊ–ն ամենացածր շեմի վրա է, ինչն էլ կապ ունի դատական համակարգի անկարողության հետ։ Այս իրավիճակում մենք կունենանք Եվրոպական դատարաններ ուղարկվելիք գործեր, քանի որ մեր դատական համակարգը չի կարողանալու ապահովել մարդու իրավունքների պաշտպանության ամենացածր շեմը,–այս մասին օգոստոսի 3–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են Սարի թաղում՝ ինչ–որ մեկի բնակարանից։

Մենք բոլորս գիտենք, որ հանրահավաք է եղել, որի ընթացքում ընդամենը մի հանգամանք է գործել՝ 5 րոպե ժամանակ են տվել և անցկացրել միջոցառում, ինչի ընթացքում էլ մարդիկ հայտնվել են այս վիճակում։ Եթե վարույթ իրականացնող մարմինն ուզում է, որպեսզի իրեն հարգեն հասարակությունն ու ԶԼՄ–ն, ապա պետք է դասեր քաղի, չքողարկի վիճակը և չվերածի արհեստական մեղադրանքի,– հստակեցրել է Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ նույն անձինք՝ 2008թ. մարտի 1–ի իրավիճակն իրենց ձևով կարգավորած քննչական մարմինները, այսօր շարունակում են նույն մարտիմեկյան ձեռագիրը։

–Որքան էլ բանաձևեր ընդունվեն մեր երկրի նկատմամբ, միևնույն է՝ ներպետական մոտեցումներն այս գործերի հարցում նույնն են, նույն քարացած մեթոդներն են ու արհամարհանքը միջազգային կառույցների կողմից տրված որակումներին, որի հետևանքով այսօր ունենք անպաշտպան քաղբանտարկյալներ։ Իմ պաշտպանյալն իր քաղաքական հայացքների համար է պատժվում, դրանց պատճառով արժանացել է քաղաքական հալածանքի,–ասել է Սեդա Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը