Կարծիք

03.08.2016 10:14


Մեր երկրում իշխանությունների համար ամեն ինչ անցնող է

Մեր երկրում իշխանությունների համար ամեն ինչ անցնող է

Կամ աննորմալ հասարակաքաղաքական տարածությունում ենք ապրում, կամ էլ Սարգսյանը Կասչեյ Անմահն է։

Մեր երկրում իշխանության են գալիս 10 մարդու կյանքի գնովմ ու անցնում է։
Մեր երկրում իշխանությունները 14 տոկոս տնտեսական անկում են արձանագրում, ու նորմալ է. շարունակում են պաշտոնի մնալ։
Մեր երկրում իշխանական բուրգի կարկառուն դեմքերի օբյեկտներում մարդ են սպանում, ու անցնում է։
Մեր երկրում ընտրություններին ինչքան ուզում՝ այնքան են խփում, ու անցնում է։
Մեր երկրում քաղաքական դաշտ են ամայացնում՝ որոշելով, թե ում կարելի է քաղաքականությամբ զբաղվել, իսկ ում՝ ոչ, ու անցնում է։
Մեր երկրում ի պաշտոնե նախագահի ընտանիքի անդամները կարող են ում գործի մեջ ցանկանան՝ փայ մտնեն, ու անցնում է։
Մեր երկրում ամենաբարձր մակարդակով արտաքին քաղաքականություն են վարի տալիս, ու անցնում է։
Մեր երկրում մարզպետը կին է ծեծում ու մարդ սպանում, ու անցնում է։
Մեր երկրում պատերազմ է լինում, կռվում ենք 80-ականների զենքով, 800 հա տարածք ենք կորցնում, 100 զոհ ենք տալիս, ու նորից անցնում է։ Ավելին՝ իշխանությունը դեռ մի բան էլ վերարտադրության մասին է մտածում։
Մեր երկրում Արցախյան ազատամարտի հերոսներին ահաբեկիչ են անվանում, ու իշխանությունների համար դա նորմալ է, անցնում է։
Մեր երկրում լրագրողներին դաժան ծեծի են ենթարկում, ու դա լրագրողներն, ուզեն-չուզեն, անցնելու է, որովհետև հրամայված է մոռանալ, իսկ չմոռացողներին անգործ մնալը երաշխավորվում է։
Մեր երկրում ապագա զինվորի աչք են հանում իրավապահներն, ու անցնում է։
Մեր երկրում պետական ահաբեկչություն է իրականացվում խաղաղ բնակիչների նկատմամբ, ու նորից անցնում է։
Մեր երկրում անգամ մարդ է ինքնահրկիզվում, ու անցնում է, որովհետև հետմահու նրան թմրամոլ ու ՁԻԱՀ-ով հիվանդ են հայտարարում։
Մեր երկրում ոստիկան է սպանվում f... ցույց տալու համար, ու նորից անցնում է։ Իսկ ոստիկանը սպանվում է, որովհետև գժուկը սթափ չէ, որովհետև սեփական համակարգի ներսում գժուկները լյապ են տվել, որովհետև, ենթադրաբար, գժուկների համար նախատեսված հաբի դոզան շատ է եղել։ Ինչպես կասեր դասականը, իմ պատկերացմամբ է այսպես։
Մեր երկրում օտարազգի զինծառայողը մի ամբողջ ընտանիք է սպանում, ի պաշտոնե նախագահը միայն մեկ շաբաթ անց է իր գոյության մասին ձայն հանում, ու անցնում է։

Մեր երկրում իշխանությունների համար ամեն ինչ անցնող է։
Սկսում եմ մտածել՝ կարող է՝ մի օր էլ հայերն ու Հայաստանը անցնեն գնան, միայն Սերժ Սարգսյանն ու նրա գործերն անմահ նման։

Հ․ Գ․ Մեկ անգամ 428 թիվ ունեցող ազգին Աստված հեռու պահի պատմության կրկնությունից։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը