Կարծիք

02.08.2016 16:15


Ձեր պատրանքներն իրականության հետ մի՛ խառնեք

Ձեր պատրանքներն իրականության հետ մի՛ խառնեք

Ի՜նչ գոհ է մեր նախագահը

«Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ներքին զորքերն՝ իրենց հետևողական և համադրված գործողություններով, ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Անչափ գոհ եմ, որ մեզ հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Եթե խուլ ու համր լինես, միգուցե Սերժ Սարգսյանի ասածների վրա չծիծաղես: Պարո՛ն Սերժ Սարգսյան, գոհ եք ինչի՞ց, մի հատ էլ կրկնեք, էլի...Դուք գոհ եք ոստիկանությունի՞ց, ԱԱԾ-ի՞ց, այն մարդկանցի՞ց, ովքեր նռնակներով, մահակներով, զենքով ու այլ սուր ու կտրող գործիքներով հասել էին քո ժողովրդի վրա՞, նրանցի՞ց եք գոհ, ճի՞շտ եմ հասկանում:

Գոհ եք, որ ոստիկանությունն ամեն ստոր քայլի գնաց արյունահեղություն լինելու համա՞ր, գոհ եք նրանից, որ մարդկանց թև, ոտք ոլորելով, առանց պատճառ տանում էին բաժի՞ն, գոհ եք, որ ոստիկանության բիրտ գործողությունների շնորհիվ 17–ամյա տղան աչքը կորցրե՞ց, մեկը վառվեց, մյուսը դարձավ հաշմանդամ, որ Սարի թաղի բնակիչներին ահաբեկեցի՞ն, թե՞ գոհ եք, որ տասնյակ լրագրողների ծեծեցին, տեխնիկան կոտրեցին, մարդկանց հայհոյեցին, սպառնացին, տունը պայթեցրեցին, նորածին երեխայի կյանքը վտանգեցին... Այքան բան արեցին, և դուք նրանցի՞ց եք գոհ:

Իհա՛րկե, գոհ եք, պրն Սարգսյան. չէ՞ որ դուք նման գործողությունների շնորհիվ (մարտի 1) եկաք իշխանության և շարունակում եք հայտնի և կրկնվող բիրտ գործողություններով մնալ արյունոտ աթոռին: Ինչո՞ւ գոհ չեք լինի, որ:

Բայց ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, քանի որ ոնց հասկանում եմ, դուք շատ հեռու եք այսօրվա իրականությունից: Ասեմ, նախ՝ ոչ թե ոստիկանության կամ իրավապահ մարմինների շնորհիվ կանխվեց հետագա արյունահեղությունը, այլ այն մարդկանց, ում դուք «ահաբեկիչ» եք անվանում, քանի որ ի տարբերություն իրավապահ մարմինների՝ «Սասնա ծռեր» «ահաբեկչական» այդ խումբը չցանկացավ արյուն թափել, չցանկացավ գոնե մեկ ոստիկանի վիրավորել, դրա պատճառով զենքերը վայր դրեց: Մի քիչ ձեր պատրանքներն իրականության հետ մի՛ խառնեք:

Դուք «ահաբեկիչներից» պետք է շնորհակալություն հայտնեիք, քանի որ եթե բանը հասներ ոստիկաններին, նրանք կշարունակեին արյուն թափել, այն էլ՝ ինչ քանակի: Այո, պետք չէ գոհունակություն հայտնեիք այն իրավապահ մարմիններից, որոնց շնոհիվ և որոնց գործողությունների պատճառով այսօր երկրում ատելության ու նողկանքի մթնոլորտը կրկնապատկվել է, դե, իհարկե, նախագահի և իշխանության հանդեպ:

Հ. Գ.

Ի դեպ, լրագրողներից և մտավորականներից շնորհակալություն և ներողություն հայտնեց Սերժ Սարգսյանը, բայց մոռացավ ամենակարևոր մարդկանց մասին: Նա մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր այս օրերին տուժեցին ոստիկանների գործողությունների պատճառով: Պետք էր առաջնային ժողովրդից և, մասնավորապես, Սարի թաղի բնակիչներից ներողություն խնդրել, ովքեր երկու շաբաթ շարունակ ապրում էին ոստիկանների վախի մթնոլորտի ներքո, ովքեր ամեն րոպե թիրախավորվում էին ոստիկանների կողմից:

Դե, գիտեք, դա էլ է տրաբանական, Սերժ Սարգսյանն այնքան չի սիրում իր ժողովրդին, որ մտքով էլ չի անցել գոնե ձևի համար մի բան էլ իր ժողովրդին ասի, գոնե ձևի համար ներողություն խնդրեր ստեղծված իրավիճակում ամենաշատ տուժած մարդկանցից: Չնայած, Սերժի ժողովուրդը միայն իրավապահ մարմիններն են. մնացածն ովքեր են, որ:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը