Մեկնաբանություն

10.02.2011 11:49


Սփյուռքին քծնելու ժամանակը

Սփյուռքին քծնելու ժամանակը

Արդեն որերորդ անգամ համոզվում ես, որ Սերժ Սարգսյանը գրեթե զուրկ է պետական մտածողությունից և զբաղված է բացառապես սեփական աթոռը պահելու խնդրով։ Եթե աթոռապահությանը կնպաստի թուրքերի հետ սիլի-բիլի անելը, Հայոց ցեղասպանության հարցը առևտրի առարկա դարձնելը կամ Ղարաբաղի տարածքները հանձնելու պատրաստակամություն հայտնելը, ապա այդ քայլերին նա կդիմի առանց աչք թարթելու։ Հայ-թրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունն ասվածի վառ ապացույցն է։ Իսկ եթե Սարգսյանը զգա, որ աթոռը պահելու համար պետք է ճիշտ հակառակ հռետորաբանությամբ հանդես գալ, ապա նույն էնտուզիազմով կանի դա։ Նա մի ձեռքով Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի տակ է ստորագրում, իսկ մյուս ձեռքով՝ ծաղիկներ դնում Վուդրո Վիլսոնի գերեզմանին ու կեղծ հայրենասիրական ելույթներ ունենում։

Ինչպես հայտնի է, «նախաձեռնողականության» բուռն շրջանում իշխանական քարոզչամեքենան նույնիսկ առաջ էր տանում այսպիսի միտք, թե Սփյուռքը թող մեզ չխանգարի և թող հայ-թրքական արձանագրությունները ստորագրելուն դեմ դուրս չգա, կարծես այդ հարցում հայաստանցիներս համաձայն էինք, ու մնում էր միայն Սփյուռքին տեղը դնել։ Ու երբ իշխանություններին պարզ դարձավ, որ թուրքերն իրենց ազգային շահերով են առաջնորդվում և Սարգսյանին մատների վրա խաղացնում են, ՀՀԿ «ճկուն» նախագահին այլ բան չէր մնում, քան «հայրենասիրություն» խաղալը։

Մեկ տարի առաջ Սփյուռքին հայհոյող սարգսյանական թիմը հիմա շրջանառության մեջ է դրել ՀՀ-ում երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը։ Այսինքն՝ եկել է Սփյուռքին քծնելու ժամանակը։

Ցավն այն է, որ ոմանք ուտում են այդ «կուտը» և նույնիսկ կողմ են արտահայտվում մի բանի, որը իշխանությունը ձեռքի հետ է նետել դաշտ ու հարցի մեջ մինչև վերջ չի էլ խորացել, ինչպես որ հայ-թրքական յոլդաշական նախաձեռնության ժամանակ էր։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական «հայեցակարգը» տեղավորվում է «Բաքու-Երևան տրանզիտից» մինչև «Ծովից-ծով Հայաստան» տիրույթում, նայած թե տվյալ պահին որն է նպաստում աթոռապահությանը։ Այսինքն՝ կրկին հանգում ենք այն մտքին, թե Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնում իր մնալը երկարաձգելն ու հնարավորության դեպքում իր իշխանությանը որոշակի «լեգիտիմություն» հաղորդելն է։ Ո՛չ ավելին։

Այլ խոսքերով՝ Սարգսյանի քաղաքական կրեդոն «գաղափարական» թափառաշրջիկությունն է ու աթոռից կառչած մնալը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը