Լրահոս

01.08.2016 13:08


Վարդան Օսկանյան. «Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ»

Վարդան Օսկանյան. «Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ»

Վերջին օրերին մենք ապրում էինք թերևս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում կանգնած էր մեծ փորձության ու նոր իրականության առաջ:
Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Արագ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
Բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից, և դա առաջին հերթին հասարակության հստակ պահանջի և «Սասնա ծռերի» խոհեմ ու խիզախ որոշման արդյունքն էր:
Դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին, բայց երկու բան ակնհայտ է՝
1.Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության և դժգոհության, ինչպես նաև խորացող չքավորության։
2.Այսպես այլևս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։
Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով:
Նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի. այսօր դա արդեն պարզ է բոլորին, և այդ գործին մասնակից պետք է լինեն իրական փոփոխությունների ձգտող կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները և անհատները: Սա՛ է ժողովրդի պահանջը, և սա՛ է միակ հնարավորությունը` խաղաղ և զարգացող Հայաստան ունենալու:
ՀՀ քաղաքացին ուզում է ապրել անվտանգ, բարեկեցիկ և արդար երկրում: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ քաղաքական փոփոխություններին միտված գործընթացի ճանապարհային քարտեզը։
Ես կարևորում եմ նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին: Հայաստանի ժողովուրդը կարիք ունի աջակցության, և մենք այն անպայման կստանանք:
Այս փուլում կարևորում եմ նաև մի քանի հրատապ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը:
Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը` Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի և մյուսների:
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։
Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական և քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները:
Ես հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, որ քաղաքական կամքի դրսևորման, նեղ անձնական շահերից վեր կանգնելու և համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը