Քաղաքական

01.08.2016 12:30


Փաստաբան. «Տղաներին չի հետաքրքրում, թե որ հոդվածով մեղադրանք կառաջադրեն»

Փաստաբան. «Տղաներին չի հետաքրքրում, թե որ հոդվածով մեղադրանք կառաջադրեն»

–Առաջիկայում մենք բողոքարկելու ենք խափանման միջոցները՝ կալանքի որոշումները։ Լուրջ սպասելիքներ, բնականաբար, չունենք, սակայն պետք է նշեմ, որ դատարանի որոշումները գնահատվում են ոչ օրինական։ Դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշում է, որ կալանավորները կարող են խոչընդոտել նախաքննությունը, ազդել որևէ մեկի վրա կամ փախուստի դիմել, ինչը, հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, ակնհայտ անտրամաբանական է,–այս մասին այսօր՝ օգոստոսի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը։

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ նշել է, որ վերաքննիչ բողոքներն այսօր հանձնվելու են Վերաքննիչ քրեական դատարան։

Դատարանը, ըստ էության, որևէ պատճառաբանությու՝ն չի տվել՝ ինչու են նրանց նկատմամբ կիրառում խափանման միջոցը՝ կալանավորումը, բայց առնվազն այն ձևակերպումը, որ մնալով ազատության մեջ կարող են փախուստի դիմել կամ ազդել այլ անձանց վրա, այն էլ այն դեպքում, երբ բոլորն անգամ հիվանդանոցում գտնվում են խիստ մեկուսացված պայմաններում, անարգանք է արդարադատության նկատմամբ,–նշել է Պապիկյանը։

Ինեսա Պետրոսյանն ընդգծել է, որ ԱԱԾ–ն մի շարք հաղորդագրություններ էր տարածել, իսկ վարույթն իրականացնող մարմինը կոչեր ներկայացրել, որ հանձնվելու դեպքում տղաների նկատմամբ կկիրառվեն խրախուսող նորմեր։

–Մեղադրանք է առաջադրված նաև 217 հոդվածի 4–րդ մասով, որտեղ ասում է՝ եթե կամավոր կերպով վայր են դնում զենքերը, և իրենց արարքում այլ հանցակազմ չկա, ապա այդ դեպքում ազատվում են պատասխանավությունից։ Այժմ պաշտպանական կողմը սպասելու է՝ արդյոք վարույթն իրականացնողի կողմից հնչեցված այդ կոչերը, խնդրանքները իշխանությունները մինչև վերջ կպահե՞ն։ Կարծում եմ՝ չպահելու դեպքում իշխանություները խնդիրներ կունենան, քանի որ ժողովուրդը ոտքի է կանգնել,–ասել է փաստաբանը։

Արայիկ Պապիկյանը նշել է, որ ԱԱԾ–ի երեկվա տարածած հաղորդագորւթյունից պարզ է դարձել՝ չի բացառվում, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին նոր մեղադրանք առաջադրվի՝ 217 հոդվածի հատկանիշներով։

Երեքն էլ հայտարարում են, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե որ հոդվածով մեղադրանք կառաջադրեն։ Նրանք պնդում են, որ կատարել են մի գործողություն՝ ուղղված Հայաստանի բարօրությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը