Քաղաքական

30.07.2016 12:14


«Ժառանգությունը» բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքացիական հանրությանն առաջարկում է ոտքի ելնել

«Ժառանգությունը» բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքացիական հանրությանն առաջարկում է ոտքի ելնել

«Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում լրագրողների` խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար: Ուշ գիշերային ձերբակալություններից շատերն ուղեկցվում էին քաղաքացիական հագուստով ոստիկանների աննախադեպ բռնություններով, սարսափազդու ճայթուկների ու պայթուցիկների կիրառմամբ: Բերման ենթարկված քաղաքացիների թվում էին «Ժառանգության» առաջամարտիկները` Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սուսաննա Մուրադյանը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է: Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ աշխարհի հետ և շարունակում է հակված մնալ ավելի շուտ Յանուկովիչի ու աշխարհի բռնապետական, ամբողջատիրական այլ վարչակարգերին: Առանց երկրի ներսում քաղաքացիական և մարդու իրավունքների հարգման և պատշաճ պաշտպանության առողջ բանավեճի, երկխոսության ու արդարության հնարավորություններն ի չիք կդառնան, և մեր երիտասարդ, խոստումնալից հանրապետությունը կհայտնվի անկանխատեսելի ու անձև քաոսի դեմ հանդիման, ինչը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ: Առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հանրությանը` մեկտեղել ջանքերը, միասին ոտքի ելնել` կարճ ժամանակամիջոցում հաստատելու սահմանադրական պետություն` խարսխված ազատ, արդար ընտրությունների և յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման սկզբունքների վրա»։

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը