Մեկնաբանություն

30.07.2016 09:00


Սվիններով եկած և սվինների վրա նստած

Սվիններով եկած և սվինների վրա նստած

ՊՊԾ գնդի տարածքի գրավումից վեց օր հետո Սերժ Սարգսյանը խոսեց, ցույց տվեց, որ ադեկվատ չէ ու կրկին լռեց: Հիմա նրա փոխարեն խոսում, ավելի ճիշտ գործում է ոստիկանությունը՝ բռնություններ կիրառելով:

Երեկ գիշերը տեղի ունեցածը ոչ միայն ոստիկանության անհամաչափ ուժի գործադրում էր, այլ նաև վայրագություն խաղաղ ցույցի դուրս եկածների, պատահական անցորդների ու լրագրողների նկատմամբ:

Ոստիկանությունը երեկ վերածվել էր զինված ու կատաղած բանդայի: Քաղաքացիական հագուստով ոստիկանների ներգրավմամբ «Կոլցո» օպերացիա էին իրականացնում Սարի թաղում և Խորենացի փողոցում: Գործիքի դերում տխրահռչակ Լևոն Երանոսյանն էր:

Կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին դարձնում է «մահապարտ» և վայրագությունների դրդելով՝ վերջինիս սարքում է իր միակ հենարանը ՀՀ քաղաքացիների դեմ պայքարում: Դատելով ամենից՝ Գասպարյանը մեծ էնտուզիազմով է մտել «մահապարտի» դերի մեջ, քանզի անձամբ իր համար այլ տարբերակ չի տեսնում:

Գաղտնիք չէ, որ Սարգսյանն իշխանության է եկել սվինների օգնությամբ: Թե ինչքան կդիմանա նա սվինների վրա նստած, դժվար է ասել: Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ ՀՀԿ ղեկավարն իր ոչ ադեկվատ պահվածքով ամեն ժամ ու ամեն րոպե հեռացնում է ստեղծված իրավիճակի քաղաքական հանգուցալուծման և բացում արյունալի զարգացումների ճանապարհը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը