Կարծիք

29.07.2016 12:30


Սերժ Սարգսյանն ու իր անսահման ագահությունն են մեր երկրի ներկայիս վիճակի գլխավոր պատճառը

Սերժ Սարգսյանն ու իր անսահման ագահությունն են մեր երկրի ներկայիս վիճակի գլխավոր պատճառը

Հայ ժողովուրդն արժանի չէ՛ այս իշխանություններին: Մի՛ տիրաժավորեք այս բլեֆը: Մեր ազգն այնպիսի քաղաքացիական գիտակցություն ունի, որ շատ այլ ազգեր մեզ կարող են նախանձել: Եվ դա ամենևին էլ լավ կյանքից չէ: Զարգացած ժողովրդավար երկրներում այդ գիտակցությունը շատ ավելի ցածր մակարդակի վրա է: Հայաստանում, սակայն, բոլորն էլ գիտեն՝ ով ով է, և ինչ է կատարվում երկրում:

Իշխանությունները, նրանց ծպտյալ սպասավորները և պարզապես անհեռատես մարդիկ հաճախ շահարկում են այդ միֆը, թե մենք մեր ձայնը 10 հազար դրամով ծախող ժողովուրդ ենք, և արժանի ենք նրան, ինչ կատարվում է: Դա նենգ ու վտանգավոր սուտ է, որն այս իշխանություններն օգտագործում են՝ իրենց ապօրինություններին որոշակի լեգիտիմություն տալու համար: Մեզ փորձում են համոզել, որ գնել են մեզանից մեր իրավունքները: Դա այդպես չէ: Մեր քաղաքացիները թասիբով մարդիկ են, դրա վկայությունն էլ այն է, ինչ կատարվում է այս օրերին երկրում, այդ իրադարձություններին հասարակության վերաբերմունքն ու գնահատականը, բազմահազարանոց ցույցերը:

Այն, որ մենք այսօր վատ ենք ապրում, նրանից չէ, որ մենք ենք վատը. խնդիրը ժողովրդի մեջ չէ, սա անձի խնդիր է՝ մեկ անձի, որի անունը բոլորս էլ գիտենք: Այդ մեկ անձն է վատը, ու նրա վատ լինելն է Հայաստանը հասցրել այս վիճակին: Նա է իր շուրջը հավաքել ազգի տականքին, պաշտոններ բաժանել նրանց ու նրանց միջոցով տեռորի ենթարկում հայերիս: Ես այսօր ուզում եմ ասել, որ մենք հիմար չենք, մեր իրավունքներն էլ կարտոշկա չեն, որ ինչ-որ մեկը կարողանա դրանք գնել: Մենք չենք ընտրել այս իշխանություններին, մենք չենք ընտրել Սերժ Սարգսյանին, մենք համաձայն չենք հայաթափության այն քաղաքականության հետ, որ ինքը վարում է: Սուտ է այն պնդումը, թե Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ ոչինչ չես փոխի: Շատ բան կփոխվի: Այս մարդը, նրա գոյությունը՝ որպես երկրի ղեկավար, ոչ միայն խանգարում է Հայաստանի զարգացմանը և հանդիսանում առաջընթացի գլխավոր խոչընդոտ, այլ նաև նրա գործողություններն ուղղակիորեն վնասում են մեր երկրին, հասարակությանը և առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու:

Իհարկե, նրան իշխանությունից զրկելով միայն` քիչ բան կփոխվի, սակայն դա կարևորագույն նախապայմանն է՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Սերժ Սարգսյանն ու իր անսահման ագահությունն են մեր երկրի ներկայիս վիճակի գլխավր պատճառը. մնացածն ածանցյալ է: Եվ այսօր արդեն նա մնացել է միայնակ ժողովրդի դիմաց: Պարզապես նողկալի է տեսնել, թե ովքեր են այսօր պաշտպանում Սարգսյանին. մի պահ նույնիսկ սկսում ես խղճալ նրան, որ գեթ մեկ արժանապատիվ մարդ չգտնվեց, որ իր օգտին որևէ բան ասի: Սերժ Սարգսյանին հաջողվեց այն, ինչի մասին դարերով էինք խոսում՝ նա միավորեց մեր ազգը. թեկուզ և իր դեմ:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը