Մեկնաբանություն

29.07.2016 00:05


12 օր իսկական սատանայություն ենք տեսնում

12 օր իսկական սատանայություն ենք տեսնում

Մեկ ամիս առաջ Հայաստան ժամանած Հռոմի պապի այցը կրում էր «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը: Մեկ ամիս անց «առաջին քրիստոնյա երկրում» սկսվեց զինված ապստամբությունը, պայթեց ներքին կյանքը, ժողովրդական ցասման ալիք բարձրացավ՝ ակնառու դարձնելով իշխանության և ժողովրդի միջև գոյացած այն խոր վիհը, որը գործող իշխանության և նրա ղեկավարի անդուլ աշխատանքի «արդյունքն» է:

Մեկ ամիս առաջ, բնականաբար, Հռոմի պապն «առաջին քրիստոնյա երկրի» միայն ցուցափեղկը տեսավ՝ իշխանության կողմից ներկայացված «դիզայներական» աշխատանքը, որում ամեն բան «երևում» էր. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, օրենքի գերակայություն, արդարություն և այլն (հյուրի և հյուընկալողների ելույթներում այս ամենի մասին կար, այն էլ՝ վստահ ու հաստատող հնչերանգով):

Երևի հիմա սրբազան քահանայապետը Վենետիկից «աչքի պոչով» հետևում է, թե ինչ է կատարվում «առաջին քրիստոնյա երկրում»: Ցուցափեղկը ջարդուփշուր է եղել ու Հայաստանը ներկայանում է իր ողջ թշվառությամբ: Առաջին դեմքն ու շրջապատն այնպիսի հակաքրիստոնեական կեցվածք են ընդունել, որ «լայաղ էլ չեն անում» քրիստոնյային հարիր ձևով խոսել ժողովրդի հետ:

12 օր իսկական սատանայություն ենք տեսնում, երբ իրեն երկրի ղեկավարություն համարողը կտրականապես հրաժարվում է հե՛նց ինքը բանակցել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ. հե՛նց այդպես՝ մուտք գործել գրավված ՊՊԾ գնդի տարածք և քրիստոնեաբար շփվել, փորձել հասկանալ այդ աննախադեպ քայլին դիմած «ահաբեկիչներին»: Փոխարենը՝ արհամարհում է թե՛ նրանց և թե՛ ժողովրդին: Ավելին, քրիստոնյային ոչ հարիր պահվածք է դրսևորում. պայմանավորվածություններ է խախտում, կրակում է վիրավորին հանձնելու համար առաջացած խմբի անդամներին, շարունակում է մնալ անդրդվելի և անզիջում ու հալածում է փողոցներում և հրապարակներում հայտնված խաղաղ ցուցարարներին, պատահական անցորդներին: Ու պետական կրոնն ատող թունդ աթեիստի պես հետապնդումների ու բռնարարքների «խրախճանք» է սարքում: Մնում է՝ ողջ ժողովրդին տնային կալանքի ենթարկի, ու վե՛րջ:

Իսկ մենք գիտեինք, թե առաջին քրիստոնյա երկրում 37 թիվը վաղուց անցել է պատմության գիրկը: Չի՛ անցել: 21-րդ դարում էլ ենք ահա հիմա նորից հայտնվել 37 թվի մթնոլորտում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը