Մեկնաբանություն

28.07.2016 18:15


Փոխզիջումային լուծման հնարավորություն դեռ կա

Փոխզիջումային լուծման հնարավորություն դեռ կա

Ապրիլյան մարտերից հետո մենք հայտնվել էինք լրիվ այլ Հայաստանում, բայց իշխանությունները դասեր չքաղեցին ու հետևություններ չարեցին։ Ավելի ճիշտ՝ սխալ դասեր քաղեցին ու ոչ ադեկվատ հետևություններ արեցին՝ է՛լ ավելի խորացնելով խնդիրները։

ՊՊԾ տարածքի գրավումից հետո Հայաստանը կրկին այլ է դարձել, ու դարձյալ իշխանությունները դասեր չեն քաղում ու սխալ որոշումներ են կայացնում. ոստիկանական մեքենան գործի դնելը, մարդկանց փողոցներից ապօրինաբար բերման ենթարկելն ու հանրային երկխոսության չգնալն ասվածի ապացույցներից են։

Հունիսի 17–ից հետո ներքին կյանքում շարունակվում է պատային վիճակը. «Սասնա ծռերի» տղաները վայր չեն դնում զենքն ու չեն նահանջում իրենց պահանջներից, իսկ իշխանությունները չեն կարողանում իրենց օգտին հանգուցալուծել խնդիրը (իշխանությունների լեգիտիմության պակասը հնարավորություն չի տալիս նրանց իրագործել ուժի կիրառման բացառիկ լիազորությունը)։

Ստեղծված իրավիճակում առաջին հետքայլը պետք է կատարեն իշխանությունները։ Առայժմ չի երևում, որ նրանք պատրաստ են դրան, սակայն եթե այս վիճակը երկար շարունակվի, ապա փոխզիջումային լուծման հավանականությունը կփոքրանա, և կմեծանա արյունալի սցենարի հավանականությունը։ Ընդ որում՝ դժվար է ասել, թե հարվածի տակ կողմերից որը կընկնի։

Արյունահեղության տարբերակում չենք ունենա շահողներ։ Կպարտվենք բոլորս ու տանուլ կտանք պետականաշինության գործում։ Հետևաբար, լարվածության հաղթահարման երրորդ տարբերակ գտնելը դառնում է օրակարգային հարց։ Դեռ ուշ չէ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը