Քաղաքական

28.07.2016 14:37


Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է վերջին օրերի դեպքերին

Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է վերջին օրերի դեպքերին

Hartak.am-ի բացառիկ հարցազրույցը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ

-Պարոն Բաղդասարյան, արդեն 12 օր է, ինչ ՊՊԾ գունդը գրավված է «Սասնա ծռեր խմբի» կողմից: Ի՞նչը պատճառ դարձավ նման իրավիճակի առաջացման համար:

-Առաջին անգամ չէ, որ ես խոսում եմ այս խնդիրների մասին: Այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն ներքին և արտաքին սպառնալիքների առջև, վտանգվել է երկրի ներքին անվտանգությունը, ռեալ սպառնալիքներ ունենք արտաքին ճակատում: Տևական ժամանակ հասարակությունը փոփոխություններ է պահանջում, փոփոխություններ իշխանության մեջ և իշխանության վարքագծում, իրական փոփոխություններ ամենատարբեր ուղղություններով վարվող քաղաքականության մեջ, փոփոխություններ, որոնք կարթնացնեն հույսը և հավատը մեր ժողովրդի մեջ:

Չկիսելով իշխանության հետ զիված հարձակման միջոցով ներքաղաքական հարցեր լուծելու մոտեցումները՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչու հայրենիքի համար արյուն թափած մարդիկ դիմեցին զենքի միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու տարբերակին: Պետք է եզրահանգումներ անել կատարվածից, եզրահանգումներ և կոնկրետ քայլեր ու գործողություններ, որոնք ոչ միայն կլիցքաթափեն իրավիճակը, այլ նաև պարարտ հող կստեղծեն մեր երկրում իրական փոփոխություններ անելու համար:

Բազմիցս եմ իմ հրապարակային ելույթներում և հարցազրույցներում խոսել Հայաստանում տիրող անմխիթար սոցիալ-տնտեսական իրավիճակի, աճող կաշառակերության, կոռուպցիայի, գանձագողության, ահագնացող արտագաղթի, օրեցօր մեծացող և արդեն ավելի քան 6 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքի, երկրի և օրենքների շալակը ելած որոշների սանձարձակ կեցվածքի, զանգվածային ընտրակաշառքների և ընտրակեղծիքների միջոցով ընտրությունների ելքը կանխորոշելու, ներքին ու արտաքին անվտանգության ներկայիս ահագնացող սպառնալիքների և դրա կործանարար հետևանքների մասին: Սրանք պատճառներ են, որոնք մարդկանց ստիպում են դիմել ծայրահեղ քայլերի և որոնք ընկած են վերջին զարգացումների հիմքում:

Թող Աստված խաղաղ հանգուցալուծում տա այս իրավիճակին` հանգուցալուծում, որ պետք է ստիպի բոլորին փոխել և փոխվել, հակառակ պարագայում՝ ուշ է լինելու: Կատարվածից դասեր պետք է քաղել` այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այս մասին խոսում են բոլորը: Համոզված կողմնակիցն եմ, որ դասեր քաղելու, արմատական փոփոխություններ կատարելու, հետևություն անելու ժամանակն է:

-Այնուամենայնիվ, ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ: Որո՞նք են ելքերը, ի՞նչ պետք է անել, ո՞րն է հանգուցալուծումը:

Այսօր բոլորն են խոսում ելքերի մասին: Ես գտնում եմ, որ իրավիճակի սրացումներն առավել անհրաժեշտ և հրատապ են դարձրել ժամ առաջ քաղաքական լուծումներ գտնելու խնդիրը: Կարծում եմ՝ հանգուցալուծմանը կարող է նպաստել իշխանության կողմից իրական փոփոխություններ և իրական քայլեր կատարելու պատրաստակամությունը: Իմ համոզմամբ՝ ելքը քաղաքական լուծումն է, քաղաքական դիրքորոշումը, քաղաքական գործընթացը, ինչը և պետք է ենթադրի քաղաքական լրջագույն փոփոխություններ, իշխանության մեջ գտնվող ադիոզ ֆիգուրների հրաժարական և ի վերջո մի նոր մեկնարկ, որի դրսևորումներից մեկը կարող է լինել Ազգային համաձայնության Կառավարության ձևավավորումը, որն էլ կստանձնի անհրաժեշտ փոփոխություններ կատարելու պատասխանատվությունը: Կարող են լինել նաև այլ ձևաչափեր, սակայն գլխավորը պետք է լինեն քաղաքական մոտեցումները: Միևնույն ժամանակ քաղաքական լուծման մեխանիզմը ենթադրում է նախ և առաջ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ շահագրգիռ քաղաքական ուժերի մասնակցությամբ համընդգրկուն քաղաքական ձևաչափի ձևավորում՝ ներառելով նաև Ժիրայր Սեֆիլյանին: Նշվածը հնարավորություն կտա գտնել քաղաքական լուծումների ուղիները:

Ցավոք, դեռևս օրեր առաջ ՀՎԿ նմանատիպ առաջարկը հավանության չարժանացավ, քանի որ որոշների համար ժողովրդական այս շարժումով փորձ արվեց օգտագործել այլ՝ նեղ քաղաքական շահերի նպատակով:

Որպես վերջաբան: Ստեղծված իրավիճակից արդեն ոչ մի կողմը հաղթող չի կարող դուրս գալ: Ելքը փոխընդունելի փոխզիջումն է, այլ ոչ թե անխոհեմ առճակատումը, որը լինում է մեր հայրենակիցների արյան գնով, մեր ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգների ավելացման և երկարաժամկետ ու շարունակական սպառնալիքների հաշվին:

Իսկ մենք մեզ այդ շռայլությունը թույլ տալ չենք կարող:

Այս խորագրի վերջին նյութերը