Մեկնաբանություն

28.07.2016 08:55


«Էլիտար» բերման ենթարկվածը

«Էլիտար» բերման ենթարկվածը

Հայաստանից վերջին ութ տարիների ընթացքում հեռացել է ավելի քան 300 հազար հոգի:

Որքա՞ն մարդ է այս պահին ապրում մեզ մոտ:

Եթե պաշտոնապես հայտարարված թվից հանենք արտագաղթածներին, հանենք արտագնա աշխատանքի մեկնածներին ու գումարենք զբոսաշրջիկներին և հարազատներին մի քանի օրով տեսակցելու եկած մարդկանց, ապա առկա բնակչության քանակը կտատանվի 1,5-ից 2 միլիոնի շրջանակներում:

Գաղտնիք չէ, որ առկա բնակչության գերակշռող մեծամասնությունը դեմ է Սերժ Սարգսյանին: Այդ մասին գիտի նաև ինքը:

ՀՀԿ ղեկավարին չընդունողների մի մասն ակտիվ պայքարի կողմնակից է և դուրս է եկել փողոց: Խորենացի:

Սարգսյանը փողոցը դատարկելու նպատակով մարդաորս է սկսել: Բերման են ենթարկում բոլորին: Առանց հարցնելու: Առանց հիմքի:

Բերման ենթարկող կոնվեյերի մեջ հայտնվեց նաև դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա «սխալ» պահին հայտնվել էր «սխալ» տեղում:

Բ26-ում վախենում են մարդկանցից: Որքան քիչ լինեն նրանք, այնքան փողոցը դատարկ կլինի: Դրա համար էլ մարդկանց բերման են ենթարկում: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին հարկ է վճարում ու ոստիկան պահում, իսկ Սարգսյանն այդ հարկերով պահվող ոստիկանների միջոցով բերման է ենթարկում ՀՀ քաղաքացուն:

Եթե «Վերջի բոլշևիկն» ուզում է լրիվ հանգիստ լինել և շարունակել իր գիծը, ապա պետք է բերման ենթարկի 2 միլիոն մարդու և նրանց հավերժ պահի բանտախցում: Տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում որոշ անհարմարություններ կարող է առաջացնել Սերժ Սարգսյանի համար:

Բանն այն է, որ անազատության մեջ գտնվողները չեն կարող հարկ վճարել ու սպասարկել Սերժ Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները, օրինակ՝ սպառել ՀՀԿ ղեկավարի մերձավորների արտադրած էլեկտրաէներգիան ու թանկ սակագնով վճարումներ կատարել, մնալ սարգսյանական «կռուգի» բանկերի տոկոսների տակ ու կորցնել ունեցած-չունեցածը, գնել Սարգսյանին հոգեհարազատ բենզինն ու դիզվառելիքը, փող տալ կարմիր կետագծերի ներսում ավտոմեքենան կայանելու համար և այլն: Ահա այս նրբություններն են, որ դեռևս թույլ չեն տալիս Ս. Սարգսյանին բերման ենթարկել հայ ժողովրդին: Ավելի ճիշտ՝ նա բերման ենթարկել է, բայց ամեն մեկը տարբեր ռեժիմներում է գտնվում:

Հիմա հարաբերական ազատության մեջ գտնվողները պայքարում են իրենց իրավունքների համար: Սարգսյանին դա դուր չի գալիս, բայց չի կարողանում ելք գտնել, քանզի ինքն էլ է յուրօրինակ բերման ենթարկված: Պետք չէ կարծել, որ Սարգսյանը լավ օրի է: Հետո ի՞նչ, որ Բ26-ում է նստում ու ճոխության մեջ ապրում: Յանուկովիչն էլ ոսկե «ունիտազից» էր օգտվում: Հետո ի՞նչ: Մարդու վերջը բարի լինի:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը