Կարծիք

27.07.2016 14:46


Բացի Սերժ Սարգսյանից՝ ուրիշ ոչ մեկին Պավել Մանուկյանի մահն այդքան պետք չէր

Բացի Սերժ Սարգսյանից՝ ուրիշ ոչ մեկին Պավել Մանուկյանի մահն այդքան պետք չէր

Դատելով գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ ոստիկանության հաղորդագրություններից՝ այնպիսի տպավորություն է առաջանում, թե «Սասնա ծռերի» անդամները պարապությունից հանկարծակի կրակ են բացել ոստիկանների վրա. ընդ որում՝ անկանոն կրակ՝ անհայտ նպատակով: Պավել Մանուկյանն էլ երևի գնդի տարածքից դուրս էր եկել և միայնակ փորձում էր ճեղքել ոստիկանական պատնեշը և ոչնչացներ այնտեղ տեղակայված ոստիկանական մի քանի գումարտակ: Լավ, դո՞ւք եք գիժ, թե՞ մեզ եք գժի տեղ դրել:

«Սասնա ծռերն» էլ հայտնում են, որ Պավել Մանուկյանը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գնդի տարածքից դուրս էր բերում վիրավոր ընկերոջը: Եվ այդ պահին նրա վրա կրակ են բացել: Չէի հավատա սրան, եթե ոստիկանության կողմից տարածված պարզաբանումն այդքան անհեթեթ չլիներ ու «հիմնավորված» չլիներ մեքենայի ակի տակից արված տեսանյութով, որում միայն երևում է, որ կրակոցներ կան, սակայն պարզ չէ՝ որ կողմից, ում ուղղությամբ, ով և երբ է կրակում:

Ստացվում է, որ մենք Սերժ Սարգսյանին կրկին թերագնահատել ենք: Այո, հենց Սերժ Սարգսյանին: Ինչ ուզում եք՝ ասեք մեր ոստիկանության հասցեին, ես չեմ հավատում, որ նրանց միջից կգտնվեր գեթ մեկը, ով առանց վերևից եկած հրահանգի, ինքնակամ կրակ կբացեր վիրավոր ընկերոջը տեղափոխող մարդու վրա: Եթե այսպիսի բան տեղի է ունեցել, ապա դա արվել է բացառապես Սերժ Սարգսյանի հրահանգով. ուրիշ ոչ մեկին Պավել Մանուկյանի մահն այդքան պետք չէր, որ դիմեին նմանատիպ ստոր և անմարդկային քայլի:

Ինչևէ, հուսով եմ՝ ոստիկանությունն արժանահավատ փաստերով կհերքի այս տեղեկությունը և կմաքրի իր պատիվը: Սա երիտասարդներին առանց հիմքի բերման ենթարկել, ծեծել ու ստորացնել չի: Սա տղամարդուն, հային, առավել ևս՝ հայ սպային վայել արարք չէ: Նույնիսկ ոչ բոլոր հանցագործները կդիմեին նման ստորության:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը