Քաղաքական

26.07.2016 21:28


«Բանակցությունների՝ փակուղի մտնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով» (տեսանյութ)

«Բանակցությունների՝ փակուղի մտնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով» (տեսանյութ)
–«Սասնա ծռերի» առաջադրած պահանջները Հայաստանի բնակչության հիմնական մասի ցանկությունն է... Մի երկրում, որտեղ այլ ելք չի մնացել, տղաները դիմել են այդպիսի ծայրահեղ քայլի։ Ուրեմն յուրաքանչյուր քաղաքացուց մնում է որոշակի դիրքորոշում որդեգրել, այլ ոչ թե կրավորական կեցվածքով նստել ֆեյսբուքներում,– Խորենացի փողոցում ՍԻՎԻԼՆԵԹԻ թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանը՝ հավելելով, որ եկել է ոչ միայն որպես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, այլև ինչ-որ մասով հակաճգնաժամային նախաձեռնող խմբի անդամ՝ փորձելու ելքեր գտնել։

Ռ.Կարապետյանի խոսքով՝ պատային վիճակ է ստեղծվել, որևէ երկխոսություն չկա, բանակցություններ չկան, կողմերի դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են, և հիմնական խնդիրն է՝ ինչպես դրանք մոտեցնել, ինչպես անել, որպեսզի հանրությանն ընկալելի լինի լուծումը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, նա պատասխանել է․
–Այլ ելք չկա։ Մենք գիտենք, որ բանակցությունների՝ փակուղի մտնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այսինքն, եթե մտնում ենք փակուղի, կունենանք արյունահեղություն։ Արյունահեղությունը կբերի նոր արյունահեղությունների, և, վերջիվերջո, այն զանգվածների համախմբմանը, որոնք այսօր մի քիչ զգուշավորությամբ հետևում են իրերի զարգացմանը։ Իմ խորին համոզմամբ՝ այսօր հին և նոր Հայաստանների միջև պայքար է գնում, սա միգուցե հանգրվանային կետ է՝ ծայրահեղ իր դրսևորմամբ, բայց այն, որ այս պայքարը պետք է ունենա ավարտ Նոր Հայաստանի կառուցման, ես որևէ կասկած չունեմ։ Հինն ավարտվել է, 25 տարվա այս պատմության էջը մենք պետք է փակենք։

Ռ. Կարապետյանը նշել է՝ Բաղրամյան 26-ում քաջ գիտակցում են, թե արյունահեղությունն ինչի կարող է հանգեցնել, բայց այն մարտավարությունը, որ իրենք ընտրել են՝ տղաներին հյուծելու, սնունդ չտալու, ահաբեկելու ժողովրդին, դիմելով նաև այդ ոստիկանական ահաբեկումներին, փորձելով հանրություն–ոստիկանություն բախումներ հրահրել, այդ ամենն է՛լ ավելի խոցելի է դարձնում հենց իշխանության դիրքերը...

–Այստեղ ազատամարտի տղաներ են կանգնած։ Մեր վարչության անդամ, «Արաբոյի» ջոկատի Մանվել Եղիազարյանը պատմում էր, որ երբ իրենք թուրքական գյուղեր էին վերցնում, թուրք գերիներին շատ ավելի լավ էին վերաբերվում, քան իշխանություններն այսօր այս տղաներին։ Այդքան շնորհք չկա, որ հաց, ջուր ու բժշկական օգնություն տրամադրեն։ Սա ամոթ է։
Ռ. Կարապետյանը նշել է՝ ժողովրդի ներկայությունը փողոցում հավելյալ ճնշում է իշխանությունների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը