Քաղաքական

26.07.2016 19:50


Անդրանիկ Թևանյան. «Ղեկավարությունն ի՛նքն է հասցրել նրան, որ այլընտրանքային միջոցներով են փորձում հասնել փոփոխության»

Անդրանիկ Թևանյան. «Ղեկավարությունն ի՛նքն է հասցրել նրան, որ այլընտրանքային միջոցներով են փորձում հասնել փոփոխության»

Գյումրիում «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման համաժողովի ժամանակ, երբ շարժման Գյումրու տարածքային կառույցը միացավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը, ելույթ է ունեցել նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին դեպքերին։

–Հայաստանում ահաբեկչությունն իրականացվել է ընտրությունների ժամանակ եւ ընթացքում: Վերջին 8 տարիների ընթացքում երկրից 300 հազար մարդու արտագաղթը, արտաքին պարտքի քառապատկումը, բանակի թուլացումը, 35 տոկոսանոց աղքատության ցուցանիշն ավելի լրջագույն ահաբեկչություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քան այն, ինչը կատարվում է ՊՊԾ-ի գնդում,«Ասպարեզի» փոխանցմամբ՝ ասել է Ա. Թևանյանը, և հավելել, որ պետական մակարդակով նման լռությունը պետք է որ սովորական լիներ հասարակության համար-այս իշխանությունները վաղուց արդեն սպառված են: Ռազմական ապստամբությունից հետո հասկացանք, որ մենք ոչ թե իշխանություն ունենք, այլ մի խումբ մարդիկ, ովքեր ուղղակի տիրապետում են իշխանական լծակներին: Այդ օրերին սպասում էինք ինչ-որ հայտարարության, բայց առաջին վեց օրերի ընթացքում սահմանադրորեն առաջին երեք պետական այրերը՝ նախագահը, վարչապետը եւ ԱԺ նախագահը, ուղղակի ծպտուն չէին հանում: Սերժ Սարգսյանը ձայն չհանեց այն ժամանակ, երբ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանդի ենթարկեցին: Ամբողջ Հայաստանն իրեն էր փնտրում, բայց ինքը չկար: Սա իր կառավարման ոճն է: ՀՀ-ում տեղի են ունեցել այլ արտառոց դեպքեր, երբ ինքը կրկին անհայտ է եղել: Հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին, 2014 թվականի օգոստոսին, երբ լայնամասշտաբ գործողություններ եղան Արցախում, նա էլի չկար։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ա. Թևանյանը նկատել է.

–-Ղարաբաղի հետ կապված, որ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել կազանյան համաձայնագրին. այդ տարբերակում Հայաստանը նախ պետք է հանձնի հինգ շրջան, հետո` երկու շրջան, որից հետո կարգավիճակի հարցը մնում է անորոշ: Այս դեպքում որեւէ երաշխիք չի տրվում ղարաբաղցիների համար: Չի բացառվում, որ, ըստ սցենարի, ղարաբաղցիները կհայտնվեն օղակի մեջ եւ այնտեղ մարդ չի մնա` անվտանգության նկատառումներից ելնելով: Արցախից հետո կառաջանա Սյունիքի հանձնման հարցը, քանի որ այն դիտարկվում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային անցակետ: Եթե Սյունիքը վտանգվեց, իսկ մենք Իրանի հետ սահման չունեցանք, ապա Հայաստանը կունենա գոյատեւման լրջագույն խնդիր,– Ա. Թևանյանի խոսքն է մեջբերում «Ասպարեզը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը