Քաղաքական

26.07.2016 23:50


Երթի մասնակիցները վերադարձան Խորենացի փողոց. վիճաբանություն է սկսվել (տեսանյութ)

Երթի մասնակիցները վերադարձան Խորենացի փողոց. վիճաբանություն է սկսվել (տեսանյութ)

Ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից Խորենացի փողոցում բողոքի գործողությունները շարունակվում են։ Երեկոյան մարդկանց հոսքը սկսեց ավելանալ։ Այսօր ևս 20։00–ին նախատեսված է հանրահավաք անցկացնել։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով կազմակերպիչներից սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր։

«Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»,–ասված էր ոստիկանության հաղորդագրությունում:
***
Համակարգող խմբի անդամները ժամանեցին, և հանրահավաքը մեկնարկեց։

***
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հաստատել է՝ սննդի հարցը լուծվել է առավոտյան նշված տարբերակով։ Հիշեցնենք՝ ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը՝ հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:

Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել:

***

Հավաքվածները բղավում են՝ Սե՛ր–ժի՛կ հե՛–ռա՛–ցի՛ր։

***

Խորենացի փողոց են ժամանել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, վարչության անդամները և այլ կուսակցականներ։

ՍԻՎԻԼՆԵԹԻ թղթակիցը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի հետ։

–«Սասնա ծռերի» առաջադրած պահանջները Հայաստանի բնակչության հիմնական մասի ցանկությունն է։ Եթե տղաները դիմել են այդպիսի ծայրահեղ քայլի։ Ուրեմն յուրաքանչյուր քաղաքացուց մնում է որոշակի դիրքորոշում որդեգրել, այլ ոչ թե կրավորական կեցվածքով նստել ֆեյսբուքներում,–նշել է Ռ. Կարապետյանը։

***

Հանրահավաքի մասնակիցները որոշել են երթ սկսել՝ հասնելու Ոստիկանության և ԱԱԾ շենքեր։ Որոշվել է շարժվել Նար–Դոս, Չարենց փողոցներով, իջնել Հանրապետության հրապարակ Նալբանդյանով, այնուհետև վերադառնալ Խորենացի փողոց։

***

Երթը մեկնարկեց ծափահարություններով ու հա՛ղ–թա՛–նա՛կ, Սա՛ս–նա՛ ծը՛–ռե՛ր, միա՛–ցե՛ք վանկարկումներով։

***

Վիճաբանություն է սկսվել համակարգող խմբի անդամների և ցուցարարների միջև։ Վերջինները հրաժարվել են ենթարկվել տուն գնալու և վաղը՝ ժամը 19:00–ին կրկին վերադառնալ Խորենացի փողոցում կոչին։ Ցուցարարները նաև պահանջել են համակարգող խմբից հեռացնել Պարույր Հայրիկյանին, ինչպես նաև հստակ հայտարարել, թե ինչ ծրագրեր ունի համակարգող խումբը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը