Քաղաքական

26.07.2016 16:32


Արամ Հարությունյան. «Սասնա ծռերն» ունեն ավելի շատ աջակիցներ, քան այսօրվա իշխանությունները» (տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Սասնա ծռերն» ունեն ավելի շատ աջակիցներ, քան այսօրվա իշխանությունները» (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, ասել է, որ այդ ամենը հետևանք է այն բանի, որ Հայաստանում որևէ այլ կերպ հնարավոր չէ ազդել իշխանությունների վրա:

-ԸՕ-ն այնպես է ընտրված, որ որևէ կերպ հնարավոր չի լինի իշխանափոխություն իրականացնել: Երբ Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, երբ այլ ելք չկար, մարդիկ կային, ովքեր չէին կարողանում հանդուժել այդ ամենը և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ,–ասել է Արամ Հարությունյանը։

Նրա վստահեցմամբ՝ իշխանություններն իրենց գործունեության մեջ փոփոխություններ չեն մտցրել անգամ ապրիլյան պատերազմից հետո.

–Անգամ ապրիլյան պատերազմը չսթափեցրեց, դրան հաջորդեցին Հրազդանի ընտրությունները, դրան հաջորդեց Ընտրական օրենսգրքի ընդունումը՝ ճնշման միջոցով։

Ըստ Արամ Հարությունյանի՝ մենք այսօր իրավունք չունենք մեղադրելու տղաներին, որովհետև իրենք երբեք էլ չեն ցանկացել, որ արյուն թափվի:

-Տղաների պահանջը ժողովրդի 99%–ի պահանջն է, և մենք պետք է կարողանանք տեր կանգնել այդ պահանջներին: Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն քաղաքական տարաձայնություններն ու այդ խնդիրների լուծումները դարձնեն իրականություն,-ասել է բանախոսը:

Նա նշել է, որ ամբողջ Երևանը պետք է ոտքի կանգնի և մայրաքաղաքին էլ միանան մարզերը: Ա.Հարությունյանը համարում է, որ «Սասնա ծռեր» խումբն ունի ավելի շատ աջակիցներ, քան այսօրվա իշխանությունները։

Եթե «Սասնա ծռերի» հենարանը ժողովրդի մեծամասնությունն է, ապա իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հենարանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ գաղափարական իմաստով, և մի քանի մտավորականներ, որոնք ծրարով փող են ստանում նախագահական նստավայրից,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը