Քաղաքական

26.07.2016 15:19


Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանն այցելել են վիրավորվածներին

Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանն այցելել են վիրավորվածներին

Լույս հուլիսի 26-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ, որտեղ էլ վիրահատվել են:

Այսօր վիրավորներին այցելել են «Համախմբում» կուսակցության փոխնախագահներ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Էլինար Վարդանյանը «Top-News.am»–ի հետ զրույցում նշեց, որ իրենց թույլ չեն տվել անմիջապես այցելել վիրավորներին, սակայն զրուցել են վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի հետ, որն էլ մանրամասնորեն ներկայացրել է տուժածների վիճակը: Մասնավորապես, «Համախմբում» կուսակցության փոխնախագահը հայտնեց, որ վիրավորներից մեկը վնասվածք է ստացել ազդրի, մյուսը՝ սրունքի հատվածում, և որ նրանք ոսկրային լուրջ վնասվածքներ են ստացել:

Բժիշկներն Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հավաստիացրել են, որ ամեն ինչ անում են վիրավորների վիճակը կայունացնելու և բարելավելու համար: Հետվիրահատական շրջանն անցնում է նորմալ, և մասնագետները նրանց վիճակը գնահատում են կայուն: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Էլինար Վարդանյանը նշեց, որ տուժածները մշտապես գտնվելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը՝ «Top-News.am»

Այս խորագրի վերջին նյութերը