Կարծիք

26.07.2016 12:10


Նրանց փոխարեն յուրաքանչյուրս կարող էր լինել

Նրանց փոխարեն յուրաքանչյուրս կարող էր լինել

Մինչ ոմանք, անուններ չտամ, բոլորն էլ շատ լավ ճանաչում են՝ ով ով է, փորձում են ստեղծված իրավիճակն օգտագործել սեփական փիարի համար, դոշ են ծեծում, թե իրենք «միակ ընդդիմությունն են», այս մարդիկ զբաղված են իրական գործով՝ մտահոգված են ռեալ մարդկանց ճակատագրերով: Սա իսկապես կարևոր խնդիր է, որը չպետք է թերագնահատել: Հուլիսի 19-ին ու 20-ին Սարի թաղի բնակիչների, արյունահեղությունը կանխելու նպատակով Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվել են մի խումբ երիտասարդներ, և ձերբակալությունները դեռ շարունակվում են: Սա, միանշանակ, անընդունելի է, քանի որ մինչև քրեական գործ հարուցելը և մարդ ձերբակալելը պետք է գնահատել ոստիկանության աշխատակիցների գործողությունները, դրանց համաչափությունը:

Մի դեպքում ոստիկանները փակել էին Սարի թաղ մտնող միակ ճանապարհը՝ ողջ թաղամասի բնակիչներին պատանդի կարգավիճակով պահելով իրենց տներում: Այսօր արդեն պարզ է, որ դա չէր արվում այդ հատվածի բնակիչների անվտանգության համար, քանզի հազիվ թե ՊՊԾ գունդը գրաված մարդիկ իրական սպառնալիք ներկայացնեն այդ բնակիչների համար, որքան էլ իշխանական ԶԼՄ–ով մեզ հակառակը չփորձեն համոզել: Արտակարգ դրություն էլ այդ հատվածում չէր հայտարարվել, և մարդու իրավունքների ժամանակավոր սահմանափակում չէր գործում, իսկ ոստիկանության գործողությունները մարդու հիմնարար իրավունքների խախտում են դիտարկվում:

Մյուս դեպքում էլ ոստիկանությունն անհանդուրժողականություն է դրսևորել և հրահրել է բախում՝ կիրառելով դեռևս աննախադեպ միջոցներ՝ ցույցը ցրելու նպատակով: Դիտելով համացանցում տարածված տեսանյութերը՝ կարող ենք տեսնել, որ բացի լուսային ու ծխային նռնակներից և արդյունքաբեր գազից՝ ոստիկաններն այլ զենք էին կիրառում՝ օդ կրակելով փորձելով խուճապ առաջացնել և վախեցնել ցուցարարներին: Ինչպես Էլինար Վարդանյանն է նշել, պետք է ապացուցվի, որ հենց ոստիկանության աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով, չեն հրահրել անկարգությունը: Եվ նման պայմաններում խաղաղ ցուցարարները դարձան ոստիկանական սադրանքի զոհ, և յուրաքանչյուրս կարող էր հայտնվել նրանց տեղում: Այսօր էլ նրանք հայտնվել են բանտերում՝ ռեցեդևիստ հանցագործների կողքին:

Ստացվում է, որ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դեմ ընդվզելը և ինքնապաշտպանությունը հանցագործություն է մի երկրում, բանակի գնդապետին բարձրաստիճան պետական պաշտոնյան սեփական տան առաջ կարող է գնդակահարել ու ոչ միայն խուսափել պատասխանատվությունից, այլ նաև շարունակել զբաղեցնել պաշտոն և մնալ դեռևս իշխող կուսակցության անդամ:

Ուրախալի է, որ այս երիտասարդների ճակատագրով մտահոգվող մարդիկ կան, սակայն կարծում եմ, որ այս հարցը պետք է լինի հանրային ուշադրության կենտրոնում, նրանք պետք է հանրային աջակցություն ունենան, որպեսզի հարցը դրական լուծում ստանա:

Լավ է, որ այսպիսի «չընդդիմություն» ունենք:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը