Խմբագրական

26.07.2016 10:25


Ապստամբության իրավունքի մասին

Ապստամբության իրավունքի մասին

«Սասնա ծռերի» տղաները ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո հայտարարեցին, որ իրենք զինված ապստամբություն են սկսել:

Ապստամբության հարցը տվյալ դեպքում պետք է դիտարկել ոչ միայն ու ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ու փիլիսոփայական հարթության մեջ:

Մարդու բնական իրավունքների պաշտպանության կողմնակիցները համարում են, որ քաղաքացիներն ունեն իշխանությունն ապօրինաբար յուրացնողների և իշխանությունը չարաշահողների՝ ուզուրպատորների դեմ ելնելու իրավունք, այդ թվում՝ զինված պայքարի ճանապարհով:

Քաղաքացիների ապստամբելու իրավունքն առաջին անգամ ամրագրեցին ԱՄՆ անկախության հռչակագրի նախաբանում: Նույնը 1789թ. արեցին ֆրանսիացիները մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հռչակագրում:

1948թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների հռչակագրում առկա է ժողովուրդների ապստամբելու իրավունքը պաշտպանող դրույթը՝ որպես տիրանային ու բռնությանը հակադրվելու վերջին միջոց:

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Ունի՞ արդյոք ՀՀ քաղաքացին ապստամբելու իրավունք: Միջազգային նորմերի ու մեր Սահմանադրության համաձայն՝ այո, ունի:

Ուզուրպատո՞ր է արդյոք Սերժ Սարգսյանը: Պատասխանն է՝ այո՛:

Ապօրինաբար (տոկոս «խփելով») ու բռնությամբ (մարտի 1) յուրացրե՞լ է ՀՀԿ ղեկավարն իշխանությունը: Պատասխանն է՝ այո՛:

Պատկանո՞ւմ է արդյոք իշխանությունը ՀՀ-ում ժողովրդին: Այս հարցերի պատասխանը միանշանակ է՝ ո՛չ:

Ստացվում է, որ «Սասնա ծռերի» գործողությունները տեղավորվում են մարդու բնական իրավունքների պաշտպանության շրջանակում: Բայց, մյուս կողմից էլ, եթե զուտ մեր օրենսդրության տառին համապատասխան դիտարկենք տեղի ունեցածը, ապա կստանանք, որ մի խումբ զինված մարդիկ քրեական հանցագործություն են կատարել և պետք է պատժվեն: Թե ո՞ր տարբերակի (մարդու բնական իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ քրեական հանցագործություն) հետ գործ կունենանք, կախված կլինի հետագա զարգացումներից: Բայց որպեսզի արյունալի հաշվեհարդարներ չունենանք, և մեզանում իրավիճակ փոխվի, պետք է գտնել փոխզիջումային տարբերակ:

Սերժ Սարգսյանը որևէ պետական առաքելություն չունի. նա տապալել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, ձախողվել է պետականաշինության գործում և պետք է հեռանա, բայց շատ կարևոր է, որ նա հեռանա առանց ցնցումների, առանց երկրին ու անձամբ իրեն վնաս տալու: Դրա համար պետք է և՛ իշխանությունը, և՛ «Սասնա ծռերը» մեկ քայլ հետ անեն: Ժիրայր Սեֆիլյանը, թերևս, դա էր ուզեցել անել, երբ խոսել էր Վիտալի Բալասանյանի հետ, բայց քանի որ վերջինս միջնորդից վերածվել է կողմի, ուստի չի հաջողվել լուծում գտնել: Թե ինչպիսի նոր զարգացում կլինի, կախված է կողմերի գիտակցությունից ու պատասխանատվության զգացումից:

Մեկ բան ակնհայտ է՝ հարցը քաղաքական է և պահանջում է քաղաքական լուծում: Պետք է սողոմոնյան որոշում կայացնել և գտնել ոսկե միջինը ժողովուրդների ապստամբության իրավունքի իրացման ու երկիրը ցնցումներից զերծ պահելու միջև:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը