Քաղաքական

24.07.2016 21:30


«Զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հրավիրել Սեֆիլյանին»

«Զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հրավիրել Սեֆիլյանին»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորան անդամների հետ վարած բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր եւս: Պարոն Կուտոյանը նաեւ առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է եւ որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց անհրաժեշտ մասնագիտացված ստա­ցիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել:

Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանը, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինված խմբի տղաներին, նախնական պայմա­նավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք, զինված խմբի տղաները չհար­գեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադ­րություն, այնուհետեւ էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ եւ անընդունելի եմ համարում:

Ինչեւէ, հետեւելով նախագահ Սարգսյանի կոչին՝ պետական գերա­տեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատ­րաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաեւ, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ եւ կատարել Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, եւ հանրության համար բաց, հետեւաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը:

Կոչ եմ անում նաեւ տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաեւ, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, եւս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:

Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկա­յացուցչի հետ միասին, որին ներկա էր նաեւ «Հիմնադիր խորհրդա­րանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակա­տա­րողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որեւէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է նախագահի հրաժարականի պա­հանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետության նախագահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաեւ Հանրապետության նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց եւ հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին եւ բացատրելու իրականությունը եւ հեռանկարները»:

Այս խորագրի վերջին նյութերը