Կարծիք

23.07.2016 19:00


Ներկայիս քաղաքական վարչակարգը լուրջ սպառնելիք է դարձել

Ներկայիս քաղաքական վարչակարգը լուրջ սպառնելիք է դարձել

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամ Աղվան Պողոսյանի ելույթը Գյումրիում կայացած «Համախմբումն այլընտրանք չունի» խորագրով համաժողովի ժամանակ.

Սիրելի՛ գյումրեցիներ, համակիրներ, համաժողովի մասնակիցներ, շնորհակալություն եմ հայտնում համաժողովին ներկա գտնվելու համար: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կուսակցական մենաշնորհ է դրսևորվում՝ բռնի կերպով կենտրոնացնելով ողջ կառավարական լծակները, զսպելով քաղաքացիական հասարակության ընդվզումները և առաջխաղացումները: Ներկայիս քաղաքական վարչակարգը լուրջ սպառնալիք է դարձել մեր երկրի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման համար: Քառօրյա պատերազմի արդյունքում մարդկային ու տարածքային կորուստները շատ ցավալի են։ Մեր իրականությանը ներհատուկ են արտագաղթը, ժողովրդի ցածր կենսամակարդակը, տնտեսական աճի բացակայությունը, ինֆլյացիայի բարձր մակարդակը և, իհարկե, դեմոկրատական արժեքների խեղաթյուրումը: Թվում է, թե նման իրավիճակներում իշխանական վերնախավը պետք է գնար կտրուկ քայլերի, այն է՝ արմատական բարեփոխումների միջոցով երկիրը բերել համակարգային հավասարակշռության: Բայց, ցավոք սրտի, շարունակական բնույթ են կրում անարդյունավետ կառավարումը, համատարած կոռուպցիան պետական ապարատում, թալանը, ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, քաղաքական ու քաղաքացիական համակարգերի փոխլրացնելիության բացակայությունը և սուր հակադրություները: Բացի այդ՝ արտաքին քաղաքական ոլորտը պարզապես ձախողված է։ Մեր ժողովրդի պահանջն ու ակնկալիքն է երկրի և քաղաքացիների անվտանգության ապահովումը, մարդկանց առօրյա կենցաղային հարցերի լուծումը: Մարդիկ փափագում են, որ երկրում տիրեն արդարություն, պաշտպանվածություն և հավասար հնարավորություններ բոլորի համար: Այլ կերպ ասած՝ ժողովուրդն ընդամենը պահանջում է այն, ինչ նվազագույնն է, որն իրեն խոստացված է Սահմանադրությամբ:

Սիրելի՛ համակիրներ, հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ քաղաքական մենաշնորհի գոյությունն է ծնում պետության և հասարակության համար վտանգավոր շատ ու շատ արատներ: Այո՛, հենց քաղաքական մենաշնորհն է պատճառը, որ երկրում կա անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական մենաշնորհն է, որ ծնում և սնում է տնտեսական մենաշնորհը, ինչը կործանում է երկրի տնտեսական համակարգը և խոչընդոտում զարգացումը: Քաղաքական մենաշնորհի պատճառով է, որ Հայաստանում օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Այդ նույն մենաշնորհն է, որ մարդուն դարձնում է հպատակ և ոչ թե հպարտ քաղաքացի, որն, ի վերջո, արտագաղթում է երկրից:

Սիրելի՛ գյումրեցիներ, մենք միացել ենք ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը՝ հաշվի առնելով հետևյալ դրույթները՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ավելին է, քան կուսակցությունը: Այն իրականում վերկուսակցական հարթակ է, ժողովրդական շարժում, ազատ ժողովրդավարական արժեքների կրող, բաց է բոլորի համար և պատրաստ է համագործակցել անխտիր բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ցանկանում են երկրում արմատական փոփոխություններ տեսնել: ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ, առանց ձևականությունների, գործելու է ընդդիմադիր դաշտում, ձգտելու է իշխանության և իր աշխատանքով ու ծրագրով լինելու է իշխանության իրական հավակնորդ: Կուսակցության կորիզը կազմելու է երիտասարդությունը, բոլոր հնարավորությունները ստեղծվելու են, որ նրանք իրենց դրսևորեն, և ապահովվի սերնդափոխությունը: Դրույթները բազմազան են, նպատակը՝ կոնկրետ՝ իշխանափոխություն: Կուսակցության նպատակները և ծրագրերը բազմազան են, միջոցը՝ իշխանափոխություն։

Բարի երթ բոլորի՛ս:

Այս խորագրի վերջին նյութերը