Քաղաքական

22.10.2010 14:54


ԸՕ նոր նախագծի` ընդդիմության կողմից վիճարկվող երեք առանցքային կետերը

ԸՕ նոր նախագծի` ընդդիմության կողմից վիճարկվող երեք առանցքային կետերը

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագծի վերաբերյալ «Հայելի» ակումբում բանավիճել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։ Նարկայացնելով իշխանական տեսակետը՝ Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, որ օրինագիծը բազմիցս (մոտ 10 անգամ) փոփոխվել է։ Այս անգամ այն ոչ թե կոսմետիկ, այլ էական փոփոխություններ է կրում։ Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են ընտրական հանձնաժողովների կազմավորման ձևին, թեկնածուների առաջադրման կարգին, թեկնածուների գրավի չափերին և այլն։

Անդրադառնալով հանձնաժողովների կազմավորման կարգին, Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ տարիներ շարունակ գոյություն ունեցող այն ձևը՝ ԱԺ կուսակցությունների կողմից ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի ձևավորումը, իրեն այնքան էլ չի արդարացնում, քանի որ այդ հանձնաժողովներում ամեն մի կուսակցության ներակայցուցիչ իր կուսակցության շահն էր պաշտպանում, և անաչառություն լինել չէր կարող։

Փոփոխությունների  համաձայն՝ այդ կարգը փոխվելու է, ըստ որի ընտրական հանձնաժողովների ընտրությունները պետականացվելու են։ Սահմանվել է, որ հանձնաժողովները, սկսած ԿԸՀ-ից, բաղկացած են 7 անձից, որոնց առաջադրում են Մարդու իրավունքների պաշտպանը, Վճռաբեկ դատարանի նախագահը և Փաստաբանների պալատի նախագահը։ Յուրաքանչյուրն առաջադրում է 5 հոգի, և այդ 15-ից 7-ին ԿԸՀ անդամներ է նշանակում ՀՀ նախագահը, իսկ մնացած 8-ը մնում են պահեստում։ Հանձնաժողովների լիազորությունների ժամկետն ավարտվելուց հետո դրանց կազմը 1/3-ով փոխվում է։ Դա վերաբերում է նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, և կուսակցությունների ներկայացուցիչները մնում են միայն տեղամասային ընտրական հանձնաժողովներում։

Ռուբեն Հակոբյանը, ներկայացնելով ընդդիմության տեսակետը, ասել է, թե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն ընդունում իշխանության տեսակետը։ Նա համաձայնել է, որ սրանք բավական լուրջ արմատական փոփոխություններ են։ Ներկայացված տարբերակի 12 կետերի շուրջ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ունեն անհամաձայնություն, որոնցից Ռուբեն Հակոբյանը նշել է 3 առանցքային կետերը։

Առաջինը հանձնաժողովների ձևավորման կարգն է, քանի որ այն, նրա խոսքերով, շատ վտանգավոր է։ Նա նշել է ԿԸՀ-ի, ՏԸՀ-ի և ԸԸՀ-ի ձևավորման երեք տեսակ։ ԿԸՀ-ն և ԸԸՀ-ն ձևավորում է իշխանությունը, և ընդամենը առաջին մակարդակում ՏԸՀ-ին թույլ է տրվում, որ կուսակցություններն ունենան իրենց ներկայացուցիչները։ Նա նշել է, թե ՏԸՀ-ի գործունեության, հատկապես իշխանության կողմից նրանց փաթեթով գնման շատ մեծ փորձ կա, և ստացվում է, որ եթե այդ կարգն ընդունվի, ապա կարելի է ընդհանրապես ընտրություններ չանցկացնել։ Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են՝ քաղաքական ուժերին տեղ  տալու դեպքում նրանք հավասար մասնակցություն ունենան ընտրական հանձնաժողովների ձևավորմանը՝ 50/50%, ինչը ենթադրում է, որ համամասնությունը կապահովի ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը։ Այլապես միջազգային պրակտիկայում, եթե 50/50% տարբերակը չի գործում, գործում է իշխանության ամբողջական պատասխանատվության տարբերակը։

Երկրորդ վիճարկելի հարցը վերաբերում է մեծամասնական և համամասնական ընտրակարգերին։ Ընդդիմությունն առաջարկում է, որ ընտրություններն անցկացվեն 100% համամասնական ընտրակարգով։

Երրորդ հարցը վերաբերում է ընտրությունների թափանցիկությանը։ Ընդդիմությունն այստեղ առաջարկում է, որ ընտրություններից անմիջապես հետո տեղամասերում ընտրողների ստորագրություններով ընտրամատյաններն անմիջապես փակցվեն պատին, իսկ պատճենները տրամադրվեն կուսակցություններին։

Ռուբեն Հակոբյանը, այդուհանդերձ, եզրակացրել է, թե Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարևոր է, բայց եթե իշխանությունը չունի արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, լավագույն ԸՕ-ն անգամ դրան նպաստել չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը