Կարծիք

12.12.2009 16:56


Ակամայից մենք վարվում ենք այնպես, ինչպես...թուրքերը

Ակամայից մենք վարվում ենք այնպես, ինչպես...թուրքերը

Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ է նմանվում թուրքականին: Խոսքը հայ-թուրքական արձանագրությունների միջոցով Արցախի խնդրի «բլից» կարգավորման մասին է: Տպավորությունն ընթացող գործընթացներից այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները ևս ակնկալում են, որ միջազգային հանրությունը, ինչպես նաև Թուրքիան կճնշեն Հայաստանին և Ադրբեջանին՝ վերջապես գնալու փոխզիջումների և լուծելու այս մեկ ու կես տասնամյակ ձգվող սառեցված հակամարտությունը: Սակայն Հայաստանը, բնականաբար, չի կարող բարձրաձայնել այդ մասին, քանզի ոչ ոք նրան լուրջ չի ընդունի, բայց փաստ է, որ միջազգային հանրության օրակարգում Հարավային Կովկասի սահմանների բացման հարցն է, որը էներգիան կփոխադրի արևելքից արևմուտք: Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը առանց հայ-ադրբեջանական սահմանի բացման, անիմաստ է աշխարհի շահագրգիռ գերտերությունների համար և հենց այստեղ են խաչվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները: Եվ պետք չէ ամբողջ ուժով բղավել, փաստելու, որ այս խնդիրների կարգավորումը միմյանց հետ կապ չունեն: Ավելին, Թուրքիան այսօր միջոց է դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Արցախի հարցը լուծելու համար, և այս առումով, Թուրքիան խաղում է ոչ միայն Ադրբեջանի շահերի պաշտպանի, այլև Ադրբեջանին համոզելու դիրքերում: Թուրքական իշխանավորները վաղուց են հասկացել, որ Ղարաբաղը այլևս հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին, սակայն Ղարաբաղյան հարցում համառությունը այլ ճակատներում զիջումներ կորզելու գործիք է դարձել: Հայաստանի հետ հարաբերությունների կարգացվորման դրոշով այսօր Թուրքիան դարձել է մի էական գործոն, իր ձեռքում պահելով բազմաթիվ կարևորագույն խնդիրների վրա ներազդելու թելերը: Եվ այսօր աշխարհը ինչքանով, որ սիրաշահում է Թուրքիային, այնքանով էլ սաստում է նրան, այլապես գործ կունենա մի պետության հետ, որը կարող է կատարել անկանխատեսելի քայլեր՝ խառնելով Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քարտերը: Ընդ որում, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում ցածր չէ նաև Հայաստանի վարկանիշը: Ավելին, Հայաստանը ընթանալով աշխարհին հաճո որոշակի ուղով, փորձում է ունենալ նվազագույն կորուստներ և շահել ավելին: Թերևս, ամենամեծ զիջումը որ կատարում է Հայաստանը, դա հայ-թուրքական գոյություն ունեցող սահմանի ճանաչումն է: Ղարաբաղյան ճակատում գործընթացները տանում են դեպի Արցախի անկախացում՝ Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահմանով: Հայաստանին այս առումով մնում է համառել մինչև վերջ, քանզի մեր կարևորագույն հաղթաթուղթը այսօր՝ հաղթական պատերազմավ ձեռք բերված ազատագրված տարածքներն են: Ցավալիորեն ակնհայտ է, որ Հայաստանը դժվար թե կարողանա ամբողջ ազատագրված տարածքները պահելով, ադրբեջանական և թուրքական ճակատներում ստանա խաղաղություն, կայունություն և բաց սահմաններ: Եվ ակամայից ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանը սպասում է, թե ե՞րբ և ինչպե՞ս է միջազգային հանրությունը, այդ թվում Թուրքիան, համոզելու Ադրբեջանին: Կարելի է ակնկալել, որ շուտով, այնուամենայնիվ, կստորագրվի մի ինչ-որ հայ-ադրբեջանական համաձայնագիր, որից հետո կվավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները: Այս գործընթացների տրամաբանությունը տանում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բաց սահմանների, Ղարաբաղի անկախության՝ Հայաստանի հետ ընդհանուր սահմանով, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանագծում: Հայաստանը կճանաչի Թուրքայի հետ ունեցած ներկա սահմանը, Ադրբեջանին կվերադարձնի ազատագրված տարածքների զգալի մասը՝ հայտնվելով ապաշրջափակման մեջ: Դիվանագիտությունը դա հնարավորությունների խաղ է և այդ խաղում կարող ես ստանալ քո հնարավորություններից ավելին, միայն խիզախությամբ և հերոսացմամբ: Սակայն ձախողման դեպքում, կարող ես կորցնել ավելին, քան սպասվում էր: Որոշում կայացնելը նման իրավիճակում ևս խիզախում է պահանջում, այնպես որ նշյալ գործընթացները բարդ են, հետաքրքիր, միաժամանակ՝ ճակատագրական: Մի բան ևս ակնհայտ է. ճանաչելով հայ-թուրքական սահմանը, Արևմտյան Հայաստանի համար հայ ազատագրական պայքարի տրամաբանությունը էականորեն կփոխվի: Հայության համար առավել էական կդառնան Ցեղասպանության միջազգային ճանաչման և փոխհատուցման խնդիրները, ինչպես նաև թուրքահայության ինքնագիտակցության բարձրացումն ու նրանց իրավունքների համար պայքարը: Իսկ առջևում ապրիլն է, որից առաջ, մեծաույն հավանականությամբ, թուրքական կողմը կվավերացնի արձանագրությունները, իսկ ադրբեջանցիները կստորագրեն համաձայնագիր, որում Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնվի հանրաքվեով որոշման:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը