Մեկնաբանություն

22.07.2016 16:00


«Լևոն Տեր–Պետրոսյան» օպերացիան

«Լևոն Տեր–Պետրոսյան» օպերացիան

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն իր համաձայնությունն է տվել Ղարաբաղի խնդրի լուծման կազանյան տարբերակին, ըստ որի՝ մենք գործ ենք ունենում ոչ թե փոխզիջումային, այլ զիջումային տարբերակի հետ, որը փաստացի կապիտուլյացիա է նշանակում։

Դատեք ինքներդ՝ կազանյան տարբերակով հայկական կողմը փուլ առ փուլ հանձնում է յոթ շրջանները, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ ապագային։ Այսինքն՝ հանձնվում են տարածքները, և Ղարաբաղը մնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Հայտնի է նաև, որ ապրիլյան քառօրյա թեժ մարտերից հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին։ Ճիշտ է, դա հանրությանը ներկայացվել է որպես «ներազգային միասնության» դրսևորում և ՀՀ բանակցային դիրքերի ամրապնդում, սակայն իրականությունն այն է, որ գործ ունենք «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» հաճախորդական օպերացիային «հայրենասիրական» տեսք տալու հետ։ Բացի այդ՝ ՀԱԿ առաջնորդը ստանձնել է կազանյան տարբերակի քաղաքական փաստաբանի դերը. երբ Տեր–Պետրոսյանը համակողմանիորեն սատարում է Սարգսյանին, ապա դա նշանակում է, որ ինքն էլ է կողմ (միշտ էլ կողմ է եղել) հակամարտության կարգավորման կազանյան տարբերակին, որը 1998–ին մերժված տխրահռչակ փուլային տարբերակն է։

Ուշագրավն այն է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և քաղաքական իրավիճակի սրման հետ կապված Սերժ Սարգսյանի լռությունը խախտվեց Տեր–Պետրոսյանի լռության հետ (սերժականները հիմա հերթով կսկսեն խոսել՝ լրացնելով ՀՀԿ ղեկավարին)։ Կարելի է ասել, որ ՀՀԿ ու ՀԱԿ ղեկավարներն այսօր փաստացի համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Հայտարարություն, որը կրկին տեղավորվում է «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» հաճախորդական օպերացիայի շրջանակներում։

Այսքանից հետո թող ամեն մեկը դատի, թե ով ով է, և ինչն ինչոց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը