Մեկնաբանություն

21.07.2016 16:25


… դառնաս չխոսկան

… դառնաս չխոսկան

Սերժ Սարգսյանը ստվերային և քչախոս գործիչ է։ Նախկինում դա ներկայացվում էր որպես խորիմաստության նշան։ Հետագայում, սակայն, բոլորը տեսան, որ հրապարակային խոսքը նրա մոտ, մեղմ ասած, լավ չի ստացվում. խիարը թարս է բուսնում։

ՀՀԿ ղեկավարը չի սիրում խոսել։ Նրա համար գրում են, ինքը կարդում է՝ զրոյական արժեք տալով սեփական խոսքերին (իշխանությունը Սարգսյանի համար լրիվ այլ բան է՝ փող աշխատելու միջոց)։

Ինչ վերաբերում է Սարգսյանի՝ առանց նախապես գրված տեքստի խոսելուն, ապա գործ ունենք «կիքսերի» շտեմարանի հետ։

Սարգսյանը մեկ այլ հատկություն էլ ունի. լարված իրավիճակներում միշտ անհետանում է։ Այդպես էր հոկտեմբերի 27–ին, մարտի 1–ին, 2014–ի ամռանը սահմանագծում տեղի ունեցած բախումների ժամանակ...

Հիմա էլ երկրում աննախադեպ ու լարված իրավիճակ է, և Սարգսյանը կրկին անցել է ընդհատակ։ Ասելիք չունի, քանզի անելիքն էլ չի կարողանում հասկանալ։

Նրան թվացել էր, թե կարողացել է իշխանական բուրգը գրպանում դնել, անհրաժեշտ քանակի «քաղգործիչների» ու «լրատվամիջոցների» սեփականաշնորհել և հանգիստ վերարտադրվել։ Ու հանկարծ հայտնվում են «Սասնա ծռերի» տղաները...

Մի խոսքով, խիարը կրկին թարս է բուսնել։ Արդյունքում՝ Սարգսյանը դարձել է չխոսկան։ Նա գիտի, որ եթե խոսի, ապա հանրության ավելի մեծ զանգվածի կհանի փողոց, բայց եթե չխոսի, կրկին փողոցը կլցվի (լայն զանգվածները կարձանագրեն իր թուլությունն ու կանցնեն գործի. արդեն տեսել ու անցել են)։ Ասել է թե՝ վիճակն իր համար պատային է։ Գնա գրոհելու ճանապարհով, կլինեն զոհեր, ինչը Սարգսյանը չի կարող մարսել։

Իշխանությունը բռնության կիրառման լեգիտիմ իրավունք ունի, բայց քանի որ Սարգսյանի լեգիտիմությունը զրոյական է, ուստի չի կարողանում բռնություն կիրառել։ Բայց բռնություն չկիրառելով էլ իշխանական բուրգն է ներսից փլուզում։

Այս իրավիճակում անհրաժեշտ է հասարական–քաղաքական լայն համախմբում՝ նոր բռնություններ ու արյունահեղություն թույլ չտալու և նոր իշխանության ձևավորման հարցը հնարավորինս անցնցում լուծելու նպատակով։

Սարգսյանը պետք է հասկանա, որ իր գնացքը վաղուց գնացել է, և իր վերարտադրության ցանկացած փորձ հղի է ծանր հետևանքներով։ Ո՛չ իրեն, ո՛չ ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգված քաղաքացիներին պետք չեն ցնցումներ։ Ուստի ճիշտը իշխանությունից Սարգսյանի հեռացման ոչ քաոսային սցենարը կյանքի կոչելն է։ Սա բոլորի շահերից է բխում, այդ թվում՝ Սարգսյանի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը