Կարծիք

21.07.2016 14:48


Մտահոգ մարդն է մտավորականը

Մտահոգ մարդն է մտավորականը

Ուզում եմ դիմել բոլորին կոչով՝ եկեք կոչերով չդիմենք մտավորականներին: Ես չգիտեմ ` ինչ է նշանակում մտավորական: Մտածող մարդ է, մտահոգ մարդ է` ինձ արդեն լրիվ հերիք է: Խաղաղության համար ոստիկանին գրկող աղջիկը մտավորական չէ՞։ Էդ կոչումն ինչպե՞ս են վաստակում։

Մտահոգ մարդն է մտավորականը: Որը մտածում է` ամեն պահի կարող է բախում սկսվել, ու չի կարողանում տեղում հանգիստ նստել, որը մտածում է՝ ներսում 30 հոգի սնունդ չունի, ու ուտելիքը կուլ չի գնում, նա է մտավորականը: Անհատական պատասխանատվություն վերցնողն է մտավորականը: ՊՊԾ գնդի ներսում այս պահին կան մտավորականներ: Իրենց զենքի հետ ես հաշտ չեմ, բայց գիտեմ, որ իրենք մտահոգ են ու մտածում են: Անտարբեր մարդը մտավորական լինել չի կարող: Սխալվողը կարող է, անտարբերը չի կարող:

Կարճ ամփոփում վերջին օրերի. երկիրը մերն է: Այս օրերին առավել ևս մերն է, քանի որ իշխանությունը պարզ ցույց տվեց, որ ինքն այլևս չկա: Կա ոստիկանություն, և կան մնացածը: Մնացածը մենք բոլորս ենք: Վերամբարձ բառերից միշտ զզվել եմ: Կոչերից` առավել ևս: Կոչ չեմ անում: Անհատական պատասխանատվության պահ է: Ես իմն էսպես կձևակերպեմ՝ ապստամբներին ես հասկանում եմ, իշխանության այսօրվա ֆորմալ պատասխանատուներին` ոչ: Ես ինքս զենքով չէի գնա, բայց շատ լավ հասկանում եմ, որ իրավիճակը խաղաղ փոխելու անզորությունն է նրանց այնտեղ հասցրել, ու սա ահաբեկչություն ձևակերպելու փորձերն ի սկզբանե ձախողված էին։ Իրավիճակը հանգուցալուծել կարող են այսօր միայն հենց այդ իրավիճակի ստեղծման պատասխանատուները՝ իշխանությունները:

Հ.Գ. Իսկ սննդից զրկելը, կներեք, էժան քայլ է, սեփական անզորության ցուցադրում, և միայն ավելի է սրում իրավիճակը:

Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը